Wednesday, October 24, 2012

Չեմպիոնների լիգան բուռն զարգացում է ստանում

Չեմպիոնների լիգան բուռն զարգացում է ստանում: Կայացել է արդեն 3 տուր և բոլոր խմբերում էլ դեռ խառնաշփոթ իրավիճակ է և շատ քիչ թիմերի մասին կարելի է ասել, որ իրենց տեղն ապահովել են հաջորդ փուլում: Այժմ Ձեր դատին կներկայացնենք 2012-13 թվականների Չեմպիոնների լիգայի 3-րդ տուրի հանդիպումները, և դուք նախ կտեսնեք, թե ինչ անակնկալ հաշիվներ են գրանցվել, ինչ թիմեր են բարդացրել կամ անհնարինին հասցրել հաջորդ փուլ դուրս գալու  հնրավորությունները: Միայն կարելի է ասել Չեմպիոնների լիգայի խմբային փուլը մտել է իր տարերքի մեջ:

A.խումբ "Պորտո" 9մ, "ՊՍԺ" 6մ, "Դինամո" Կիև 3մ, "Դինամո" Զագրեբ 0մ: Այս խմբի խաղերը մեկնարկեցին նույն ժամին: Պորտուգալիայում "Պորտոն" ընդունել էր Կիևի "Դինամոյին": Խաղի ֆավորիտ համարվում էր "Պորտոն", որն էլ կարողացավ դժվարին պայքարում հաղթանակ տոնել 3:2 հաշվով: Տանտերերից "դուբլ" ձևակերպեց Ջեքսոն Մարտինեսը:
Զագրեբում էլ հանդիպեցին տեղի "Դինամոն" և ֆրանսիական "ՊՍԺ" ակումբը: Իհարկե այս խաղում բացահայտ ֆավորիտ համարվում էր "ՊՍԺ"-ն, որն էլ կարողացավ հանգիստ խաղով հաղթանակ տոնել 0:2 հաշվով: Հյուրերի կազմում աչքի ընկան Զլաթան Իբրահիմովիչը և Ժերեմի Մենեզը: 3 տուրից հետո վաստակած 9 միավորով "Պորտոն" առաջինն է և լուրջ հայտ է ներկայացրել հաջորդ փուլ դուրս գալու:
B. խումբ "Շալկե 04" 7մ, "Արսենալ" 6մ, "Օլիմպիակոս" 3, "Մոնպելյե" 1: Այս խմբի 2 խաղերում էլ գրանցվեց անակնկալ և 2 դեպքում էլ հանդիպման ֆավորիտները պարտություն կրեցին: Նախ` Լոնդոնում "Արսենալը" հյուրընկալել էր "Շալկե 04"-ին: Մինչև 75-րդ րոպեն խաղադաշտում հավասար պայքար էր ընթանում, տեղ-տեղ գերազանցում էր "Արսենալը", սակայն 76-րդ րոպեին եղավ այն ինչ ոչ ոք չէր սպասում: Գելզենկինխենից ժամանած հյուրերը Կլաս Յան  Հունտելաարի ջանքերով բացեցին հանդիպման հաշիվը:
Հունտելաարը տոնում է "Արսենալի" դարպասը խփած գոլը
"Արսենալը" նետվեց առաջ կորցրածը հետ բերելու, բայց 86-րդ րոպեին "Շալկեի" մյուս հոլանդացի լեգեոներ Իբրահիմ Աֆելայը խփեց գերմանացիների 2-րդ գնդակը, և հաղթանակ պարգևեց 0:2 հաշվով: Իսկ Ֆրանսիայում էլ Ֆրանսիայի գործող չեմպիոն "Մոնպելյեն" հանդիպման ընթացքում առաջ լինելով հաշվի մեջ ոչ միայն չկարողացավ հաղթական հաշիվը պահպանել, այլև պարտություն կրեց 1:2 հաշվով և նվազագույնի հասցրեց իր խմբից դուրս գալու հույսերը: Իսկ 3 տուրից հետո առաջին տեղում "Շալկեն" է 7 միավորով:
C. խումբ "Մալագա" 9մ, "Միլան" 4մ. "Զենիթ" 3մ, "Անդերլեխտ" 1մ: Այս խմբի 2 խաղերում էլ հաղթեցին տանտերերը 2-ն էլ միևնույն 1:0 հաշվով: Առաջին հանդիպումը, որը կայացավ Սանկտ Պետերբուրգում "Զենիթի" և "Անդերլեխտի" միջև  սկսվեց մի քանի ժամ շուտ: "Զենիթը", որը առաջին 2 տուրերից հետո միայն պարտություններ էր կրել դուրս էր եկել խաղադաշտ միայն հաղթանակ տոնելու համար: Առաջ անցնելով նշենք, որ ռուսական թիմին դա հաջողվեց մեծ ջանքերի գնով: "Զենիթը" հաղթեց 1:0 հաշվով, իսկ միակ գոլն էլ հանդիպման 72-րդ րոպեին 11 մետրանոցից խփեց Ռուսաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կերժակովը: Խմբի մյուս խաղում էլ "Մալագան" ընդունել էր "Միլանին": Իսպանացիների վերելքով սկսած մեկնարկը շարունակվեց նաև 3-րդ տուրում, քանի որ Պելեգրինիի սաները կարողացան հաղթանակ տոնել ահեղ մրցակցի նկատմամբ 1:0 հաշվով, իսկ տանտերերից միակ գնդակը խփեց Սանչես Խոակինը: Այս տուրից հետո "Մալագան" տոնելով 3-րդ անընդմեջ հաղթանակը 9 միավորով խմբում առաջին տեղում է ընթանում:
D. խումբ "Բորուսիա" Դորտմունդ 7մ, "Ռեալ" Մադրիդ 6մ, "Այաքս"3մ, "Մանչեսթեր Սիթի" 1մ: "Մահվան խմբում" իսկապես "մահացու" իրադարձություններ տեղի ունեցան: Չեմպիոնների լիգայի մեկնարկից առաջ հաղթողի գլխավոր հավակնորդներից մեկը` "Մանչեսթեր Սիթին" նվազագույնի հասցրեց իր հաջորդ փուլ դուրս գալու հնարավորությունը, քանի որ Ամստերդամում 3:1 հաշվով զիջելով տեղի "Այաքսին" 3 տուրից հետո վաստակել է ընդամենը 1 միավոր: Դորտմունդի "Սիգնալ Իդունա Պարկ" մարզադաշտ եկած 80.000ից ավել հանդիսականներն էլ ականատես եղան իրենց սիրելի թիմի 2:1 հաշվով հաղթանակին Մադրիդի "Ռեալի" նկատմամբ: Այս հաղթանակից հետո վաստակած 7 միավորով "Բորուսիան" դուրս եկավ առաջին հորիզոնական:
Դորտմունդի "Բորուսիայի" ֆուտբոլիստները տոնում են իրենց հաղթանակը Մադրիդի "Ռեալի" նկատմամբ 
E. խումբ "Շախտյոր" 7մ, "Չելսի" 4մ, "Յուվենթուս" 3մ, "Նորշելանդ" 1մ: Այս խմբի 3-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Դոնեցկում, որտեղ "Շախտյորը" հյուրընկալել էր "Չելսիին": Հանդիպման արդյունքը ուրախացրեց ոչ միայն "Դոնբաս Արենա" մարզադաշտ եկած ֆուտբոլասերներին, այլ նաև հայ ֆուտբոլասերներին, քանի որ "Շախտյորը" 2:1 հաշվով հաղթեց "Չելսիին", իսկ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն էլ իր թիմի հիմնական գործող անձանցից մեկն էր: Ճիշտ է Մխիթարյանը այս խաղում գոլով կամ գոլային փոխանցումով աչքի չնկավ, բայց անընդհատ լարվածության մեջ էր պահում "Չելսիի" պաշտպաններին:
"Շախտյորի" ֆուտբոլիստները տոնում են Տեյշերայի կողմից "Չելսիի" դարպասն ուղարկած առաջին գնդակը
Իսկ այս խմբի մյուս խաղում տեղի ունեցավ իրական անակնկալ, քանի որ "Յուվենթուսը" հյուրընկալվելով "Նորշելանդին" չկարողացավ հաղթել դանիական թիմին: Ավելին միայն 81-րդ րոպեին Վուչինիչի խփած գնդակը փրկեց "Յուվենթուսին" պարտությունից և հանդիպումն ավարտվեց արդյունավետ ոչ ոքի` 1:1 հաշվով: 3 տուրից հետո այս խմբի առաջատարը "Շախտյորն" է վաստակած 7 միավորով:
F. խումբ "Վալենսիա" 6մ, "ԲԱՏԵ" 6մ, "Բավարիա" 6մ, "Լիլ" 0մ: Նախորդ տուրում "Բավարիայի" նկատմամբ հաղթանակ տոնելուց հետո ֆուտբոլային հասարակությունը "ԲԱՏԵ"-ից հրաշք էր սպասում նաև 3-րդ տուրում "Վալենսիայի" հետ խաղում: Սակայն իսպանական ակումբի հարձակվող Ռոբերտո Սոլդադոն իր ձևակերպած "հեթ տրիկով" թույլ չտվեց, որպեսզի հրաշք տեղի ունենա և "Վալենսիան" էլ հաղեց "ԲԱՏԵ"-ին 0:3 հաշվով: Բելառուսական ակումբի հայտացուցակից ընդհանրապես բացակայում էր Զավեն Բադոյանի անունը: Իսկ խմբի մյուս խաղում "Բավարիան" կարողացավ Ֆրանսիայում նվազագույն` 0:1 հաշվով հաթանակ տոնել "Լիլի" նկատմամբ: Միակ և հաղթական գնդակը հյուրերի կազմում խփեց Թոմաս Մյուլերը հանդիպման 20-րդ րոպեին 11 մետրանոց հարվածով:
Ռիբերին և Մյուլլերը տոնում են վերջինիս կողմից "Բավարիայի" խփած հաղթական գնդակը 11 մետրանոցից
Այս խմբում 3-րդ տուրից հետո եռիշխանություն է, "Վալենսիայի", "ԲԱՏԵ"-ի և "Բավարիայի" միջև, որոնք վաստակել են հավասար` 6ական միավոր:
G. խումբ "Բարսելոնա" 9մ, "Սելտիկ" 4մ, "Սպարտակ" 3մ, "Բենֆիկա" 1մ: Այս խմբի Մոսկվայում կայանալիք խաղն էլ, մյուս խաղից մի քանի ժամ շուտ սկսվեց: Մոսկվայի "Լուժնիկի" ստադիոնում "Սպարտակը" սեփական հարկի տակ հյուրընկալել էր "Բենֆիկային": Պարտությունը մոսկովյան ակումբի համար նվազագույնի կհասցներ հնարավորությունը հաջորդ փուլ դուրս գալու և դա գիտակցելով Ունաի Էմերիի սաները կարողացան հավասար խաղում 2:1 հաշվով հաղթանակ տոնել պորտուգալական "Բենֆիկայի" նկատմամբ: Իսկ խմբի մյուս խաղում "Բարսելոնան" վերջին վայրկյաններին կարողացավ կորզել հաղթանակը շոտլանդական "Սելտիկից": Հանդիպման ընթացքում զիջելով 0:1 հաշվով, առաջին խաղակեսի վերջին րոպեին Ինյեստաի գոլի շնորհիվ վերականգվեց հանդիպման հաշվի հավասարությունը, իսկ խաղի վերջին վայրկյաններին էլ Խորդի Ալբան խփեց "Բարսայի" հաղթական գնդակը: Այս հաղթանակը կատալոնացիների համար 3-րդ անընդմեջ հաղթանակն էր, որից հետո վաստակած 9 միավորով "Բարսան" խմբում առաջինն է:
H. խումբ "Մանչեսթեր Յունայթեդ" 9մ, "Կլուժ" 4մ, "Բրագա" 3մ, "Գալաթասարայ" 1մ: Խմբի առաջատար "Մանչեսթեր Յունայթեդը" հարազատ "Օլդ Թրաֆորդ" մարզադաշտում ընդունել էր պորտուգալական "Բրագային": Հյուրերի հարձակվող Ալանը 20 րոպեին ընթացքում ձևակերպելով "դուբլ" 2 գնդակի առավելություն տվեց "Բրագային", սակայն դրանից հետո "Մանկունիացիները" հավաքվեցին և կարողացան 3 գնդակ ուղարկել Պորտուգալիայից ժամանած հյուրերի դարպասը: Տանտերերից էլ "դուբլ" ձևակերպեց Խավիեր Էրնանդեսը կամ ինչպես կարճ են ասում Չիչարիտոն և "Մանչեսթեր Յունայթեդը" հաղթեց 3:2 հաշվով:
Ահա թե ինչպես է օդում Չիչարիտոն գնդակն ուղարկում "Բրագայի" դարպասը
Իսկ խմբի մյուս հանդիպումը կայացավ Ստամբուլում, որտեղ "Գալաթասարայը" սեփական հարկի տակ հյուրընկալել էր Ռումինիայի չեմպիոն "Կլուժին": Թուրքական ակումբին պարտությունը կարելի է ասել դուրս կթողներ հաջորդ փուլ դուրս գալու հետագա պայքարից, այդ իսկ պատճառով "Գալաթասարայը" հենց խաղի սկզբից նետվեց առաջ հաղթանակ տոնելու համար: Սակայն 19-րդ րոպեին Նունկեյի ինքնագոլի շնորհիվ "Գալաթասարայը" հայտնվեց հետապնդողի դերում: Բայց այսքանով այս խաղի իրադարձությունները չվերջացան: Հանդիպման 25-րդ րոպեին հյուրերի պաշտպան Ագիրեգարայը ստանալով 2-րդ դեղին քարտը, լքեց խաղադաշտի սահմանները իր թիմին թողնելով ծանր կացության մեջ, դրանից հետո 35-րդ րոպեին մրցավարը 11 մետրանոց նշանակեց "Կլուժի" դարպասին: Գնդակին մոտեցավ Ֆելիպե Մելոն և չկարողացավ գնդակն ուղարկել ռումինացիների դարպասը: Միայն 77-րդ րոպեին Բուրակ Յիլմազի գոլի շնորհիվ "Գալաթասարաը" կարողացավ վերականգնել հանդիպման հաշվի հավասարակշռությունը, և հանդիպումն էլ ավարտվեց արդյունավետ ոչ ոքի` 1:1 հաշվով: Այս խմբում էլ 3 տուրից հետո վաստակելով 9 միավոր, ցույց տալով 100 տոկոսանոց արդյունք, "Մանչեսթեր Յունայթեդը" ընթանում է առաջին հորիզոնականում:
Ինչպես և սպասվում էր Չեմպիոնների լիգայի խմբային փուլում թեժ պայքար է ընթանում, և ահա կայացած 3 տուրերից հետո էլ Չեմպիոնների լիգան բուռն զարգացում է ստանում: 

0 comments:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Web Hosting Coupons