Monday, October 22, 2012

Հայ ֆուտբոլիստները այս անգամ ոչնչով աչքի չընկան

Ռուսաստանի և Ուկրաինայի պրեմիեր լիգաներում անցյալում մնացին 12-րդ տուրի հանդիպումները: Միանգամից նշենք, որ հայ ֆուտբոլիստները այս անգամ աչքի չնկան արդյունավետությամբ, սակայն գրեթե բոլոր Հայաստանի  հավաքականի ֆուտբոլիստներն էլ ասպարեզ դուրս եկան իրենց թիմերի կազմերում: Այսքանով անցնենք առաջնություններին առանձին-առանձին սկսելով Ռուսաստանի պրեմիեր լիգայից:
Ռուսաստանում տուրը սկսվեց հոկտեմբերի 20-ին և այդ օրը կայացավ միանգամից 3 հանդիպում: Առաջնության առաջատար "Անժին" Մախաչկալայում հյուրընկալել էր Մոսկվայի "Սպարտակին":Հանդիպման ընթացքում զիջելով 0:1 հաշվով տանտերերը կարողացան 2 գնդակ խփել և հասնել կամային` 2:1 հաշվով հաղթանակի մոսկվացիների նկատմամբ:
Խաղային առաջին օրվա 2-րդ խաղում Սանկտ Պետերբուրգում "Զենիթը" սեփական հարկի տակ ընդունեց և 1:0 հաշվով հաղթանակի հասավ Կրասնոդարի "Կուբանի" նկատմամբ: Տանտերերի միակ և հաղթական գնդակը 11 մետրանոց հարվածից խփեց Ալեքսանդր Կերժակովը: Հյուրերի հիմնական կազմում խաղադաշտ դուրս եկավ Արազ Օզբիլիսը և մասնակցեց ամբողջ հանդիպմանը, իսկ Մարկոս Պիցելին փոխարինման դուրս եկավ հանդիպման 68-րդ րոպեին Կուլիկի փոխարեն:
Իսկ խաղային առաջին օրվա համար նախատեսված վերջին խաղում Կրասնոդարի մյուս` "Կրասնոդար" ակումբը, սեփական հարկի տակ ընդունել էր "Ալանիային": Շիպիցինի և Դրինչիչի գոլերի շնորհիվ տանտերերը կարողացան 2:0 հաշվով հաղթանակի հասնել Վլադիկավկազից ժամանած հյուրերի նկատմամբ: "Կրասնոդարի" հիմնական կազմում խաղադաշտ դուրս եկավ և ողջ խաղին մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը:
4 հանդիպում նախատեսված էր խաղային 2-րդ օրվա համար: Առաջինը` Պերմում "Ամկարը" սեփական հարկի տակ մրցում էր Գրոզնիի "Թերեքի" հետ: Հյուրերը 66-րդ րոպեին Լեբեդենկոյի հեղինակած միակ գոլի շնորհիվ կարողացան նվազագուն` 0:1 հաշվով հաղթանակի հասնել "Ամկարի" նկատմամբ: Երկրորդը` մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականում գտնվող "ԲԿՄԱ-ն" սեփական հարկի տակ ընդունել էր Կազանի "Ռուբինին":  Մոսկվացիներին անհրաժեշտ էր 3 միավոր, որպեսզի շատ հետ չմնաին առաջատար "Անժիից": Տանտերերը կարողացան պատվով կատարել իրենց գործը և 2:0 հաշվով առավելության հասան "Ռուբինի" նկատմամբ: Գոլերի հեղինակներն էին` Էլմը և Մուսան:
Երրորդը` Սարանսկում "Մորդովիան" սեփական հարկի տակ ընդունել էր Մոսկվայի "Դինամոյին": Հյուրերը կարողացան 1:2 հաշվով հաղթանակ տոնել տանտերերի նկատմամբ: "Դինամոյից" "դուբլ" ձևակերպեց Ալեքսանդր Կոկորինը: "Դինամոյականների" դարպասում հիմնական կազմում ասպարեզ  էր դուրս եկել Շունինը, իսկ Բերեզովսկին պահեստայինների թվում էր: Իսկ խաղային 2-րդ օրվա համար նախատեսված վերջին` 4-րդ, խաղում Դոնի Ռոստովում կայացած "Ռոստով"-"Լոկոմոտիվ" հանդիպման հաշիվը չբացվեց և ավարտվեց գոլազուրկ ոչ ոքի` 0:0 հաշվով:
Ռուսաստանի առաջնության 12-րդ տուրը ավարտվեց հոկտեմբերի 22-ին Սամարայում կայացած "Կռիյլա Սովետով" "Վոլգա" հանդիպումով: Խաղն ավարտվեց հյուրերի նվազագույն` 0:1 հաշվով հաղթանակով, իսկ միակ գնդակն էլ խփեց "Կռիյլա Սովետովի" նախկին պաշտպան Ալեքսանդր Բելյոզերովը: "Վոլգայի" հայտացուցակից ընդհանրապես բացակայում էր Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովի անունը:
Ռուսաստանի պրեմիեր լիգայում 12-րդ տուրից հետո լավագույն եռյակում փոփոխություններ տեղի չունեցան: Առաջին հորիզոնականում շարունակում է ընթանալ Մախաչկալայի "Անժին" այս անգամ վաստակած 29 միավորով, 2-րդ հորիզոնականում 27 միավորով "ԲԿՄԱ-ն" է, իսկ 3-րդն էլ 25 միավորով Գրոզնիի "Թերեքն" է:
 Ուկրաինայի պրեմիեր լիգայի 12-րդ տուրը սկսվեց Դոնեցկում, որտեղ "Շախտյորը" սեփական հարկի տակ հյուրընկալել էր Մարիուպոլի "Իլյիչեվեցին": Հանդիպման ընթացքում զիջելով 0:1 հաշվով այնուամենայնիվ "Շախտյորը" կարողացավ 2 գնդակ ուղարկել հյուրերի դարպասը և տոնեց կամային հաղթանակ`2:1 հաշվով: Տանտերերի հիմնական կազմում խաղադաշտ դուրս եկավ և ամբողջ խաղին մասնակցեց Հենրիխ Մխիթարյանը:
Խաղային 2-րդ օրվա համար նախատեսված էր 3 հանդիպում, և 3  խաղերում էլ մեկը մյուսի հետևից գրանցվեցին անակնկալներ: Առաջին անակնկալը գրանցվեց Լուգանսկում, որտեղ "Զարյան" սեփական հարկի տակ հյուրընկալեց և 3:2 հաշվով հաղթական առավելության հասավ Դնեպրոպետրովսկի "Դնեպրի" նկատմամբ:  Հաջորդ անակնկալը գրանցվեց Լուցկում, որտեղ "Վոլինի" նկատմամբ չկարողացավ հաղթական առավելության հասնել Դոնեցկի "Մետալուրգը", և հանդիպումն ավարտվեց արդյունավետ ոչ ոքի` 1:1 հաշվով: Հյուրերի հիմնական կազմում խաղադաշտ դուրս եկան Գևորգ Ղազարյանը և Կառլեն Մկրտչյանը, իսկ Արտակ Եդիգարյանն էլ 76-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ Գևորգ Ղազարյանի փոխարեն: Իսկ անակնկալներով լի խաղային 2-րդ օրը ավարտվեց Կիևում, որտեղ գրանցվեց հերթական անակնկալը, քանի որ "Դինամոն" սեփական հարկի տակ 1:3 հաշվով զիջեց Խարկովի "Մետալիստին": Խաղային 3-րդ օրը սկսվեց Պոլտավայում, որտեղ "Վորսկլան" սեփական հարկի տակ ընդունեց և ջախջախեց Զապորոժեի "Մետալուրգին" 5:0 հաշվով: Կրիվոյ-Ռոգում էլ խաղադաշտ դուրս եկան տեղի "Կրիվբասը" և Կիևի "Արսենալը", որոնք փոխանակվելով մեկական գնդակով հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով: Ուկրաինայի պրեմիեր լիգայի 12-րդ տուրի նախավերջին խաղում գրանցվեց ընդամենը մեկ գոլ, այն էլ "Չեռնոմորեցը" սեփական հարկի տակ` Օդեսայում, 1:0 հաշվով առավելության հասավ Սիմֆերոպոլի "Տավրիայի" նկատմամբ: Իսկ Ուրկրաինայի պրեմիեր լիգայի 12-րդ տուրն  ավարտվեց Լվովում կայացած "Կարպատներ" "Հովերլա Զակարպատիե" հանդիպումով: Հանդիպումն ավարտվեց արդյունավետ ոչ ոքի` 1:1 հաշվով և թիմերը վաստակեցին մեկական միավոր: Հյուրերի հիմնական կազմում խաղադաշտ դուրս եկավ և խաղն առանց փոխարինման անցկացրեց Հայաստանի հավաքականի հենակետային կիսապաշտպան Արթուր Եդիագարյանը, իսկ Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Եղիշե Մելիքյանն էլ հայտավորված էր հյուրերի պահեստայինների թվում, սակայն այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ: 
Ուկրաինայում էլ 12-րդ տուրից հետո լավագույն եռյակում փոփոխություն չկատարվեց միայն "Շախտյորը" կարողացավ ավելացնել իր միավորների պաշարը և այժմ վաստակած 36 միավորով միանձնյա գլխավորում է Ուկրաինայի պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը, իսկ 2-րդ և 3-րդ հորիզոնականներում վաստակած հավասար` 24ական միավորներով "Դնեպրն" ու "Դինամոն" են:
Ամփոփելով Ռուսաստանի և Ուկրաինայի պրեմիեր լիգաների 12-րդ տուրը պետք է ցավով փաստել, որ հայ ֆուտբոլիստները այս անգամ ոչնչով աչքի չընկան:

1 comments:

Blog News said...

Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Web Hosting Coupons