Wednesday, October 10, 2012

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների ֆունկցիոնալ վիճակը կարելի է գնահատել բավարար

Այսուհետ "Գոլիզեում" բլոգը Հայաստանի հավաքականի յուրաքանչյուր խաղից առաջ ձեզ կներկայացնի Հայաստանի հավաքականի ֆոււտբոլիստների ֆունկցիոնալ վիճակը` ներկայացնելով վերջին հանդիպումներին հայ ֆուտբոլիստների ցուցաբերած ակտիվությունը:  Այսքանով ներկայացնենք Հայաստանի հավաքական  հրավիրված ֆուտբոլիստների վիճակը Իտալիայի ազգային հավաքականի հետ խաղից առաջ:

Դարպասապահներ

Ռոման Բերեզովսկի: Բերեզովսկին վերջին խաղերին խաղում էր Մոսկվայի "Դինամոյի" հիմնական կազմում և շատ անգամ աչքի էր ընկնում հուսալի խաղով, սակայն վերջին խաղում, որտեղ "Դինամոն" պարտվեց Մախաչկալայի "Անժիին", "Դինամոյականների" դարպասում Շունինն էր: Բայց Ռոմանի ցուցադրած խաղը Մոսկվայի "ԲԿՄԱ-յի" հետ խաղում  հույս է ներշնչում, որ մեր դարպասապահը հիանալի մարզավիճակում է կարևոր խաղից առաջ և արժանիորեն համարվում է ազգային հավաքականի թիվ մեկ դարպասապահը:
Գևորգ Կասպարով: Մեր հավաքականի հուսալի դարպասապահներից մեկը Հայաստանի առաջնության հերթական տուրում "Ուլիսի" հետ կայացած խաղում, դուրս եկավ խաղադաշտ "Միկայի" հիմնական կազմում և դարպասը պահեց անառիկ, իսկ "Միկան" հաղթեց 1:0 հաշվով:
Արթուր Հարությունյան: "Շիրակի" դարպասապահը հիանալի մարզավիճակում է և արժանիորեն հրավիրվում է Հայաստանի հավաքական: Պատահական չէ, որ այս դարպասապահը "Շիրակի" անփոխարինելի դարպասապահն է:

Պաշտպաններ

Ռոբերտ Արզումանյան: Արզումանյանը ստացավ Ալեքսանդր Գրիգորյանի վստահությունը մեկ անգամ, երբ դուրս եկավ մրցասպարեզ "ԲՄԱ Էներգիայի" հիմնական կազմում, ու դառնալով գոլի հեղինակ` օգնեց իր թիմին գավաթի խաղարկության հաջորդ փուլ դուրս գալ և նույն խաղում էլ վնասվածք ստացավ: Ռուսաստանի 1-ին խմբի առաջնության 14-րդ տուրի "Խիմկիի" հետ խաղում Արզումանյանը հայտավորված էր իր թիմի կազմում, սակայն այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ, իսկ "ԲՄԱ-ն" այդ խաղում հաղթեց 0:2 հաշվով:
Հրայր Մկոյան: Մկոյանը, մեր կարծիքով, ներկա պահին հայկական ֆուտբոլի լավագույն կենտրոնական պաշտպանն է, և կարելի է ասել կասկած չի հարուցում Գյումրիի "Շիրակի" հիմնական կազմի ֆուտբոլիստի տեղը Հայաստանի հավաքականի կենտրոնական պաշտպանի դիրքում:
Վալերի Ալեքսանյան: Ալեքսանյանը համարվում է իրանական "Սանաթ Նավթ" ակումբի հիմնական կազմի ֆուտբոլիստ, սակայն այնքան էլ հաջող չեն ընթանում այդ թիմի գործերը, որը կայացած 11 տուրերից հետո ընթանում է Իրանի բարձրագույն խմբի առաջնության վերջին` 18-րդ հորիզոնականում: 
Արտակ Եդիգարյան: Եդիգարյանը կարող է հանդես գալ ինչպես պաշտպանության 2 եզրերում, այնպես էլ կիսապաշտպանության: Արտակը նաև կենտրոնական կիսապաշտպանի դիրքում խաղալու փորձ ունի, սակայն այս ունիվերսալ ֆուտբոլիստը տեղ չունի Դոնեցկի "Մետալուրգի" հիմնական կազմում և ոչ հաճախ դուրս է գալիս խաղադաշտ միայն փոխարինման ճանապարհով: Իսկ Ուկրաինայի առաջնության 11-րդ տուրի "Կրիվբասի" դեմ խաղում էլ փոխարինման է դուրս եկել հանդիպման 81-րդ րոպեին և կատարել աջ պաշտպանի պարտականություններ:
Կամո Հովհաննիսյան: "Փյունիկի" այս երիտասարդ ֆուտբոլիստը հիանալի է կատարում, ինչպես ձախ պաշտպանի, այնպես էլ ձախ կիսապաշտպանի պարտականությունները: Ամենայն հավանականությամբ այս ֆուտբոլիստը կստանա շանս Իտալիայի դեմ խաղալու. քանի որ Վարդան Մինասյանը ձախ եզրում ունի իրական խնդիր:
Հովհաննես Համբարձումյան: Այս ֆուտբոլիստը համարվում է "Բանանցի" ավագը և հիմնական կազմի աջ պաշտպանը: Սարգիս Հովսեփյանի` ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո այս ֆուտբոլիստը իրական շանս է ստացել իրեն հիանալի դրսևորելու դեպքում, դառնալու Հայաստանի հավաքականի հիմնական կազմի աջ պաշտպանը:
Տարոն Ոսկանյան: "Փյունիկի" երիտասարդ կենտրոնական պաշտպանը Վարդան Մինասյանի համար տարբերակներից մեկն է կենտրոնական պաշտպանի դիրքում խաղադաշտ դուրս բերելու համար: Բայց "Փյունիկի" կրած պարտությունը Հայաստանի 21-րդ առաջնության 25-րդ տուրում "Գանձասարից" 0:2 հաշվով, նվազ հնարավորությունների վրա թողեց Ոսկանյանի հիմնական կազմում ընդգրկվելը:  

Կիսապաշտպաններ

Կառլեն Մկրտչյան: Դոնեցկի "Մետռալուրգի" հենակետային կիսապաշտպանը հետզհետե հետ է վերադարձնում իր լավագույն մարզավիճակը վնասվածքից հետո ու հիմնական կազմում իր տեղը "Մետալուրգի" և Հայաստանի հավաքականի կազմում: Ուկրաինայի պրեմիեր լիգայի 10-րդ տուրի "Կրիվբասի" հետ խաղում (6:2) իր թիմի հիմնական գործող անձանցից մեկն  էր:
Արթուր Եդիգարյան: Ուկրաինական "Հովերլա Զակարպատիե" թիմի հիմնական կազմի խաղացող է, և Իտալիայի դեմ խաղում Մարկոս Պիցելիի բացակայության պայմաններում ամենայն հավանականությամբ կընդգրկվի Հայաստանի հավաքականի հիմնական կազմում: Ուկրաինայի պրեմիեր լիգայի 11-րդ տուրում Կիևում "Արսենալի" դեմ խաղում Եդիգարյանը իր թիմի կազմում դուրս եկավ հիմնական կազմում և մասնակցեց ողջ հանդիպմանը, այդ խաղում "Հովերլա Զակարպատիեն"  զիջեց "Արսենալին" 2:0 հաշվով:
Հենրիխ Մխիթարյան: Հովսեփյանի` ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո Մխիթարյանը ստացավ Հայաստանի հավաքականի ավագի թևկապը և նորանշանակ ավագի առաջին փորձությունը Իտալիայի հավաքականի դեմ խաղն է: Մխիթարյանը իրոք որ Հայաստանի հավաքականի առաջատարն է, ինչպես նաև փայլուն և ռմբարկուական խաղ է ցուցադրում Դոնեցկի "Շախտյորի" հիմնական կազմում: Ուկրաինայի պրեմիեր լիգայի 11-րդ տուրում Խարկովում "Մետալիստի" դեմ խաղալիս Մխիթարյանը իր 11-րդ խաղում դարձավ 14-րդ գոլի հեղինակ և նոր ռեկորդ գրանցեց Ուրկաինայի պրեմիեր լիգայի պատմության ընթացքում: Մինչ Մխիթարյանը, ոչ ոքի չէր հաջողվել առաջին շրջանում 13-ից ավել գոլ հեղինակել: Իտալիայի դեմ խաղում Մխիթարյանը կընդգրկվի ենթահարձակվողի դիրքում:
Արազ Օզբիլիս: Օզբիլիսը իր վստահ խաղով տեղ գրավեց Կրասնոդարի "Կուբանի" հիմնական կազմում, և աչքի ընկավ արդյունավետ խաղով: Օզբիլիսը նաև մասնակցել է Ռուսատանի պրեմիեր լիգայի 11-րդ տուրի "Լոկոմոտիվ"-"Կուբան" խաղին, որտեղ "Կուբանը" հաղթեց 0:1 հաշվով, իսկ Օզբիլիսը հանդես եկավ իր թիմի մեկնարկային կազմում:
Դավիթ Մանոյան: Դավիթ Մանոյանը Ռուսատանում հաջող քննություն չբռնելուց հետո վերադարձավ "Փյունիկ" և դարձավ թիմի առաջատարը, Հովսեփյանից հետո էլ դարձավ "Փյունիկի" ավագը: Այս ֆուտբոլիստը նույնպես ունիվերսալ ֆուտբոլիստ է և կարող է խաղալ կիսապաշտպանության կենտրոնի հետ կապված ցանկացած դիրքում: Իտալիայի դեմ խաղում էլ կարող է շատ օգտակար լինել մեր հավաքականին` դուրս գալով փոխարինման:
Էդգար Մալաքյան: Մալաքյանը Պլզենի "Վիկտորիա" տեղափոխվելով փորձեց ամրապնդվել իր թիմի մեկնարկային կազմում, սակայն ... չստացվեց: Բայց հայ ֆուտբոլիստը իր թիմին գոլով և գոլային փոխանցումով օգնեց հաղթահարելու գավաթային արգելքը և դուրս գալ հաջորդ փուլ, բայց մեր ֆուտբոլիստը շատ քիչ ժամանակ է ստանում իր թիմում խաղալու համար: Իսկ Չեխիայի առաջնության հերթական տուրի հանդիպմանն էլ Մալաքյանը հայտավորված էր խաղին, սակայն այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ:
Զավեն Բադոյան: Գևորգ Ղազարյանի բացակայության պայմաններում Բադոյանը կարող է հայտնվել հիմնական կազմում և հանդես գալ ձախ եզրային հարձակվողի դիրքում, բայց այս ֆուտբոլիստը ոչ միայն շատ քիչ ժամանակ է ստանում "Բատեում" խաղալու համար, այլև շատ հաճախ, անգամ չի էլ ընդգրկվում "Բատեի" հայտացուցակում: 
Արթուր Յուզբաշյան: Յուզբաշյանը "Փյունիկում" հիմնականում հանդես է գալիս կենտրոնական կիսապաշտպանի դիրքում, չնայած որ նաև փորձ ունի կենտրոնական պաշտպանի դիրքում խաղալու համար: Կախված հանդիպման ընթացքից այս ֆուտբոլիստը կարող է նաև հայտնվել խաղադաշտում, իսկ Հայաստանի առաջնության 25-րդ տուրում "Գանձասարի" հետ խաղում (0:2) դուրս է եկել խաղադաշտ "Փյունիկի" հիմնական կազմում: 
Կարեն Մուրադյան: Գյումրիի "Շիրակի" կենտրոնական կիսապաշտպանը իր հուսալի խաղով սկզբում գրավեց երիտասարդական հավաքականի մարզիչների ուշադրությունը այնուհետև հայտնվեց ազգային հավաքականում: "Շիրակում" հիմնական կազմի ֆուտբոլիստ է և կարելի է ասել որ ոչ մի հանդիպում բաց չի թողել "Շիրակի" կազմում: Հայաստանի 21-րդ առաջնության 25-րդ տուրում "Բանանցի" հետ խաղում "Շիրակի" կազմում լավագույն ֆուտբոլիստներից էր և նպաստեց գյումրեցիների 2:1 հաշվով հաղթանակին: 

Հարձակվողներ

Էդգար Մանուչարյան: Մանուչարյանը արդեն վերականգնվել է վնասվածքից և անգամ հասցրել է հանդես գալ "Ուրալի" կազմում մեկ հանդիպման, հոկտեմբերի 2-ին դուրս գալով փոխարինման "Ուրալ" - "Ուֆա" հանդիպմանը, որտեղ "Ուրալը" հաղթել է 4:0 հաշվով: Իտալիայի հետ խաղում Մանուչարյանը ամենայն հավանականությամբ դուրս կգա փոխարինման, քանի որ դեռ ձեռք չի բերել իր լավագույն մարզավիճակը:
Արթուր Սարկիսով: Նիժնի Նովգորոդի "Վոլգայի" ֆուտբոլիստը մասնակցել է "Վոլգայի" ընդամենը 2 հանդիպման այն էլ` մեկը փոխարինման դուրս գալով հանդիպման վերջին րոպեներին: Իսկ Ռուսաստանի պրեմիեր լիգայի 11-րդ տուրի "Վոլգա"-"Մորդովիա" Սարանսկ խաղում, ընդհանրապես բացակայում էր "Վոլգայի" հայտացուցակից, իսկ տանտերերն էլ զիջեցին այս խաղում 0:2 հաշվով:
Յուրա Մովսիսյան: Հայկական ֆուտբոլի մեջ "հեղափոխություն"  արած ֆուտբոլիստներից մեկն էլ Յուրա Մովսիսյանն է: Հայ հարձակվողը հիանալի է իրեն դրսևորում ռուսական "Կրասնոդար" թիմի կազմում և այդ թիմի և Ռուսաստանի ընթացիկ պրեմիեր լիգայի լավագույն ռմբարկուն է խփած 9 գնդակներով: Մովսիսյանը ընդգրկված էր նաև իր թիմի մեկնարկային կազմում Ռուսաստանի պրեմիեր լիգայի 11-րդ տուրի "Զենիթի" հետ հանդիպմանը, սակայն ոչնչով աչքի չնկավ: Անխոս, Իտալիայի հավաքականի հետ կայանալիք խաղում կատարելու է Հայաստանի հավաքականի առաջ քաշված հարձակվողի պարտականությունները, որտեղից շատ հաճախ դառնում է գոլերի հեղինակ:


Ամփոփելով Հայաստանի հավաքական հրավիրված ֆուտբոլիստներին նվիրված նյութը` պետք է փաստել, որ այս խաղում իրոք մեր հավաքականը ունի լուրջ խնդիր` կապված որակազրկված ֆուտբոլիստների` Մարկոս Պիցելիի հետ կապված դիրքում, Գևորգ Ղազարյանի հետ կապված դիրքում, ինչպես նաև  վնասվածք ստացած ֆուտբոլիստ Լևոն Հայրապետյանի հետ կապված դիրքում: Բայց ինչպես տեսնում ենք` հերթական անգամ բացի վերոնշյալ խնդիրներից, նորից խոսուն փաստ է Հայաստանի հավաքականի "աքիլեսյան գարշապարի" հանգամանքը, քանի որ հերթական անգամ էլ Հայաստանի հավաքականի ամենաթույլ օղակը համարվում է պաշտպանությունը: Իսկ ընդհանուր առմամբ, Իտալիայի հավաքականի հետ խաղից առաջ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների ֆունկցիոնալ վիճակը կարելի է գնահատել բավարար:

0 comments:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Web Hosting Coupons