Showing posts with label Հենրիխ Մխիթարյան. Show all posts
Showing posts with label Հենրիխ Մխիթարյան. Show all posts

Thursday, November 15, 2012

Հայաստանի հավաքականի ավագի թևկապը` Հենրիխ Մխիթարյանին

Երեկ` նոյեմբերի 14-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած  Հայաստան - Լիտվա խաղում մեր հավաքականի վերջին տարիների առաջատար ֆուտբոլիստ և անփոխարինելի ավագ Սարգիս Հովսեփյանը իր հրաժեշտի հանդիպումն անցկացրեց: Հայաստանի հավաքականում Սարգիս Հովսեփյանի դերն իրոք անգնահատելի էր ոչ միայն որպես ֆուտբոլիստ, այլև որպես ավագ: Հիմա արդեն մեր ֆուտբոլի հավաքականը իր կայացման ճանապարհը պետք է շարունակի առանց իր փորձառու ավագի, և այդ պարտականությունները պետք է վստահվի մեկ ուրիշ խաղացողի: Ուրախությամբ պետք է նշել, որ մեր հավաքականի ցուցադրած ֆուտբոլը քիչ թե շատ թիմային է, և հիմնված չէ վառ արտահայտված առաջատար ֆուտբոլիստի վրա, և այս պարագայում ավագի դերում կան մի քանի համարժեք տարբերակներ: 
«Գոլիզեում» բլոգը փորձեց հարցման միջոցով պարզել հայ երկրպագուների կարծիքը ավագի հնարավոր թեկնածուների վերաբերյալ: Ֆուտբոլասերների հետաքրքրությունը, բավականին մեծ էր, հարցմանը մասնակցեց 232 ընթերցող: Ներկայացնենք հարցման արդյունքները.
3. Յուրա Մովսիսյան /11 ձայն - 4.72%/

Ռուսաստանի պրեմիեր լիգայում հանդես եկող մեր հարձակվողը իրոք առաջատար է թիմի առջևի գծում: Մովսիսյանի հայտնվելը մեր հավաքականում էականորեն հզորացրեց հայկական հավաքականի հարձակողական բռունցքը, և մեր թիմին դարձրեց վտանգավոր մրցակից ցանկացած հավաքականի դեմ: Յուրան վաստակել է նաև բազմաթիվ երկրպագուների սերը և մեծ հեղինակություն է վայելում հայ ֆուտբոլասերների շրջանում: Չնայած անհրաժեշտ որակների առկայությանը` որպես թիմային առաջնորդ Յուրան առայժմ պահեստային տարբերակ է հավաքականի ավագի համար:

2. Ռոման Բերեզովսկի /101 ձայն - 43.35%/

Սարգիս Հովսեփյանը, իր հրաժեշտի խաղում լքելով խաղադաշտը, ավագի թևկապը հանձնեց հենց Ռոման Բերեզովսկուն: Իրավամբ, Բերեզովսկին ավագի թևկապի թեկնածու է ոչ միայն իր հարուստ ֆուտբոլային փորձի կապիտալի, այլև իր խարիզմատիկ բնավորության և բազմաթիվ անգամներ ստանձնած հուսալի փրկարարի դերի շնորհիվ: Նույնիսկ մեր հավաքականի ամենածանր տարիներին, երբ մեր ֆուտբոլասերները ոչ միշտ հնարավորություն ունեին ուրախանալու մերոնց գոլերի համար, նրանց միակ ուրախությունը երբեմն հենց Բերեզովսկին էր իր հերոսական գործողություններով: Բերեզովսկին ավելի քան փորձառու է թիմն առաջնորդելու համար: Ռոմանի օգտին չխոսող միակ հանգամանքը մեր դարպասապահի տարիքն է, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ վերջինս կլքի հավաքականը առաջիկա մեկ կամ առավելագույնը երկու տարիների ընթացքում, գուցե և շատ ավելի շուտ: Պետք է արդյոք մեր հավաքականին նոր ավագ կարճ ժամանակահատվածի համար` մեր ընթերցողների  43.35%-ի կարծիքով` ԱՅՈ: 

1. Հենրիխ Մխիթարյան /111 ձայն - 47.64%/

Վերջին տարիների հայկական ֆուտբոլի ամենավառ փայլող աստղը` Հենրիխ Մխիթարյանը, ըստ ֆուտբոլասերների մեծամասնության կարծիքի, ամենահարմար թեկնածուն է հավաքականի ավագի համար: Չնայած իր երիտասարդ տարիքին` Հենրիխն արդեն բավականին հարուստ փորձ է կուտակել: Բացի այդ Հենրիխի կարևորությունը հավաքականում տեսանելի է նույնիսկ անզեն աչքով: Դժվարին պահերին ֆուտբոլիստը կարողանում է իր վրա վերցնել խաղը, ինչը գերակա հատկանիշ է հավաքականի ավագի համար: Հենրիխը փայլում է նաև իր մարդկային հատկանիշներով, ֆուտբոլային հանրությանը հայտնի է որպես օրինակելի ֆուտբոլային կերպար: Մխիթարյանը առանձնանում է հավաքականում իր առաջատարի դերով, և ունակ է առաջնորդելու երիտասարդ հավաքականին: Հենց դա է պատճառը, որ մեր ֆուտբոլասերները Մխիթարյանին մի փոքր տարբերությամբ գերադասել են Ռոման Բերեզովսկուց /ընդամենը 10 ձայն/:

Քվեարկության ամբողջական արդյունքները.
Հայաստանի հավաքականի ավագի թեկնածուներ
Այլ տարբերակների թվում մեկական ֆուտբոլասերներ նշել էին Ռոբերտ Արզումանյանին և Վալերի Ալեքսանյանին:
Ինչևէ, շնորհակալություն ենք հայտնում բլոգի ընթերցողներին ցուցաբերած ակտիվության համար: Այս տարի մեր հավաքականը արդեն ավարտել է իր ելույթները, և մեր ապագա ավագին մենք կտեսնենք արդեն հաջորդ տարի:


Wednesday, October 3, 2012

Մխիթարյան` 13, Մովսիսյան` 9-ը

Ավարտին մոտեցան Ուկրաինայի պրեմիեր լիգայի և Ռուսաստանի պրեմիեր լիգայի 10-րդ տուրի հանդիպումները: Այս անգամ հայ ֆուտբոլիստների ավանդը իրենց թիմերի հաջողության գործերում շատ մեծ էին: Այսքանով անդրադառնանք 2 առաջնություններին` առանձին-առանձին:


Ուկրաինայի պրեմիեր լիգան սկսվեց սեպտեմբերի 28-ին և կայացավ 2 հանդիպում: Առաջինը` Կիևում "Դինամոն" սեփական հարկի տակ ընդունել էր Լուգանսկի "Զարյաին": Սա "դինամոյականների" նորանշանակ գլխավոր մարզիչ Օլեգ Բլոխինի մեկնարկային հանդիպումն էր Յուրի Սյոմինին փոխարինելուց հետո, և այն ավարտվեց բարեհաջող ուկրաինացի մարզչի համար, քանի որ "Դինամոն" 81-րդ րոպեին Ռաֆայելի հեղինակած միակ գոլի շնորհիվ 1:0 հաշվով հաղթանակ տարավ մրցակցի նկատմամբ: Իսկ 2-րդ խաղում ասպարեզ դուրս եկան ընթացիկ առաջնության միանձնյա առաջատար Դոնեցկի "Շախտյորը" և լավագույն եռյակում գտնվող Դնեպրոպետրովսկի "Դնեպրը": Այս խաղը միանշանակ կարելի էր համարել տուրի կենտրոնական հանդիպումը, որտեղ "Շախտյորը" 2:1 հաշվով կամային առավելության հասավ "Դնեպրի" նկատմամբ և տոնեց 10-րդ անընդմեջ հաղթանակը, և 100 տոկոսանոց արդյունքով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: Այս խաղում Մխիթարյանը 19-րդ րոպեին գրավեց հյուրերի դարպասը և վերականգնելով հաշվի հավասարակշռությունը խփեց նաև իր 13-րդ գնդակը:
Եվս 2 հանդիպում կայացավ սեպտեմբերի 29-ին: Նախ` Լուցկում հյուրնկալվելիս Սերգեյ Նազարենկոյի հեղինակած գոլի շնորհիվ "Տավրիան" 0:1 հաշվով առավելության հասավ տեղի "Վոլինի" նկատմամբ: Այնուհետև Օդեսայում "Չեռնոմորեցը" սեփական հարկի տակ ընդունել էր Խարկովի "Մետալիստին": Հանդիպումն ավարտվեց արդյունավետ ոչ ոքի` 1:1 հաշվով և "Մետալիստը" կորցրեց շատ կարևոր 2 միավոր:
10-րդ տուրի վերջին 4 հանդիպումները կայացան սեպտեմբերի 30-ին: Առաջինը` Ուժգորոդում "Հովերլա Զակարպատիեն" սեփական հարկի տակ հյուրնկալել էր Դոնեցկի "Մետալուրգին": "Հովերլա Զակարպատիեն" հաղթեց 2:1 հաշվով: Տանտերերի կազմում ամբողջ խաղին մասնակցեց Արթուր Եդիգարյանը, իսկ Եղիշե Մելիքյանը պահեստայինների թվում էր: Դոնեցկի "Մետալուրգի" կազմում ամբողջ խաղին մասնակցեց և իր թիմի խփած միակ գոլի հեղինակ դարձավ Գևորգ Ղազարյանը, իսկ Կառլեն Մկրտչանը և Արտակ Եդիգարյանը փոխարինման դուրս եկան 2-րդ խաղակեսում համապատասխանաբար 46-րդ և 82-րդ րոպեներին:
Խաղային 3-րդ օրվա համար նախատեսված 2-րդ խաղում Կրիվոյ Ռոգում "Կրիվբասը" սեփական հարկի տակ ընդունեց և խոշոր` 5:0 հաշվով, առավելության հասավ Զապորոժեի "Մետալուրգի" նկատմամբ: 10-րդ տուրի նախավերջին խաղում Պոլտավայում "Վորսկլան" սեփական հարկի տակ նվազագույն` 1:0 հաշվով առավելության հասավ Մարիուպոլի "Իլյիչեվեցի" նկատմամբ: Իսկ Ուկրաինայի պրեմիեր լիգայի 10-րդ տուրը ավարտվեց Լվովում, որտեղ "Կարպատները" և Կիևի "Արսենալը" փոխանակեցին մեկական գնդակ և հանդիպումն ավարտվեց արդյունավետ ոչ ոքի` 1:1 հաշվով:
Այսպիսով` 10-րդ տուրից հետո ցույց տալով բացարձակ արդյունք` 30 միավորով "Շախտյորը" շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: 2-րդ տեղում վաստակած 24 միավորով Կիևի "Դինամոն" է, իսկ 3-րդ հորիզոնականում էլ 21 միավորով տեղ է զբաղեցնում Դնպրոպետրովսկի "Դնեպրը":
 Ռուսաստանի պրեմիեր լիգայի 10-րդ տուրը սկսվեց սեպտեմբերի 29-ին: Առաջինը տեղի ունեցավ տուրի կենտրոնական հանդիպումը, որտեղ Սանկտ Պետերբուրգում "Զենիթը" սեփական հարկի տակ ընդունել էր Մոսկվայի "Լոկոմոտիվին": Թիմերը փոխանակվեցին մեկական գնդակով և հանդիպումն ավարտվեց արդյունավետ ոչ ոքի` 1:1 հաշվով: Նույն օրը կայացավ ևս 2 համնդիպում: Պերմում "Սպարտակը" հյուրընկալվելիս 1:3 հաշվով առավելության հասավ տեղի "Ամկարի" նկատմամբ: Իսկ խաղային առաջին օրն ավարտվեց Կրասնոդարում, որտեղ "Կուբանը" 2:1 հաշվով առավելության հասավ Գրոզնիի Թերեքի նկատմամբ: "Կուբանի" կազմում առաջին գոլի գոլային փոխանցումը կատարեց Մարկոս Պիցելին, իսկ իր թիմի հաղթական գնդակը խփեց Հայաստանի ազգային հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստ` Արազ Օզբիլիը: 
3 հանդիպում էլ կայացավ սեպտեմբերի 30-ին: Այդ օրվա առաջին խաղով կայացավ Մոսկովյան դերբիներից մեկը, որտեղ միմյանց դեմ խաղադաշտ դուրս եկան "ԲԿՄԱ"-ն և "Դինամոն": Հանդիպումն ավարտվեց Մոսկվայի "Դինամոյի" հաղթանակով 0:2 հաշվով: "Դինամոյականների" կազմում անթերի հանդիպում անցկացրեց և իր դարպասն անառիկ պահեց Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին: Այս խաղից հետո Մախաչկալայում "Անժին" սեփական հարկի տակ հյուրընկալել էր Նիժնի Նովգորոդի "Վոլգային": Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով 2:1 հաշվով: Հյուրերի կազմում Արթուր Սարկիսովը խաղադաշտ դուրս եկավ հանդիպման 90-րդ րոպեին փոխարինելով Սապոգովին և ոչինչ չկարողացավ անել իր թիմի համար: Տանտերերի կազմում մեկական գոլի հեղինակ դարձան Սամուէլ Էտո'ոն և Լասինա Տրաորեն: Խաղային 3-րդ օրվա համար նախատեսված վերջին խաղում Դոնի Ռոստովում "Ռոստովը" հյունկալել էր Կազանի "Ռուբինին": Հանդիպումն ավարտվեց հյուրերի խոշոր` 0:4 հաշվով հաղթանակով, իսկ հյուրերի կազմում "դուբլ" ձևակերպեց Սոլոմոն Ռոնդոնը: Ռուսաստանի պրեմիեր լիգայի 10-րդ տուրն ավարտվեց հոկտեմբերի 1-ին` երկուշաբթի օրը կայացած վերջին 2 խաղերով: Նախավերջին խաղում Սամարայում "Կռիյլա Սովետովը" սեփական հարկի տակ հյուրնկալել էր "Կրասնոդարին": Հանդիպումն ավարտվեց մարտական ոչ ոքի` 2:2 հաշվով: Իսկ հյուրերի կազմում հանդիպման 25-րդ րոպեին հաշիվը բացեց Յուրա Մովսիսյանը: Ռուսաստանի պրեմիեր լիգայի 10-րդ տուրն ավարտվեց Սարանսկում, որտեղ "Մորոդովիան" և Վլադիկավկազի "Ալանիան" փոխանակեցին մեկական գնդակ և հանդիպումն ավարտվեց արդյունավետ ոչ ոքի` 1:1 հաշվով:
Այսպիսով Ռուսաստանի պրեմիեր լիգայի 10-րդ տուրից հետո օգտվելով Մոսկվայի "ԲԿՄԱ"ի սայթաքումից "Անժին" վաստակած 23 միավորով բարձրացավ 1-ին հորիզոնական, 2-րդ հորիզոնական նահանջեց "ԲԿՄԱ"-ն վաստակած 21 միավորով, իսկ լավագույն եռյակը վաստակած 20 միավորով եզրափակում է Մոսկվայի "Լոկոմոտիվը":
Խփելով իրենց հերթական գնդակները Հենրիխ Մխիթարյանը և Յուրա Մովսիսյանը ամրապնդվեցին համապատասխանաբար Ուկրաինայի և Ռուսաստանի պրեմիեր լիգայի  լավագույն ռմբարկուների թվում, և վերջում մնում է ավելացնել  Մխիթարյան 13, Մովսիսյան 9-ը:   

Friday, September 21, 2012

Չեմպիոնների լիգա. Առաջին տուրի տեսություն

Չեմպիոնների լիգայի 2012-13թթ. խաղարկությունը ունեցավ փառահեղ մեկնարկ, որի մասին կարող էին երազել միայն ամենալավատես երկրպագուները: Հենց առաջին տուրում ականատես եղանք մի քանի խելահեղ հանդիպումների, որոնք սպասելի էին 1/8 և ավելի ուշ փուլերում: Այս մեկնարկը նշանակալի եղավ նաև հայկական ֆուտբոլի համար, քանի որ առաջին անգամ հայ ֆուտբոլիստը գոլով աչքի ընկավ այս հեղինակավոր մրցաշարում, և այն էլ ոչ մեկ գոլով: Այս ամենի մասին` չեմպիոնների լիգայի առաջին տուրի մեր տեսությունում:

Չեմպիոնական դիմակայություն

Ռոնալդոն և Մարսելոն տոնում են հաղթական գնդակը
Ռոնալդոն և Մարսելոն տոնում են հաղթական գնդակը
«Ռեալ» Մադրիդ 3-2 «Մանչեսթեր Սիթի» (D խումբ)
Աշխարհի երկու առաջատար առաջնությունների չեմպիոնների դիմակայությունը հավակնում է դառնալ ՉԼ այս տարվա խմբային մրցաշարի զարդը: Խաղը արդարացրեց իր սպասելիքները և գոլառատ ստացվեց: Սակայն առավել հետաքրքիր է ոչ թե գոլերի քանակը, այլ դրանց հերթականությունը, որն էլ ապահովեց խաղի ողջ ինտրիգը: «Ռեալը», չնայած ունեցած խաղային առավելությանը, առաջին գոլը խփելու իրավունքը ամեն դեպքում զիջեց հյուրերին: Աչքի ընկավ փոխարինման մտած Ջեկոն: Մարսելոյի համարժեք պատասխանից հետո Մանչինին դաշտ դուրս բերեց Կոլարովին, որը նույնպես շուտով աչքի ընկավ: Հետևելով իր կոլեգային` Մոուրինյոն պայքարի նետեց Բենզեմային, որը նույնպես աչքի ընկավ և հավասարեցրեց հաշիվը: Այն պահին, երբ ոչ ոքին թվում էր տրամաբանական, տանտերերը կարողացավ գործի դնել այն միակ խաղաքարտը, որով «Ռեալը» առավել էր «Սիթիից»: Կրիշտիանո Ռոնալդոն հաղթական վերջակետ դրեց հանդիպմանը: Հանդիպումը փառահեղ ստացվեց, արդյունքն էլ օրինաչափ էր:


Փայլուն մեկնարկ / վերադարձ

«Չելսի» - «Յուվենտուս»
«Չելսի» - «Յուվենտուս»
«Չելսի» 2-2 «Յուվենտուս» (E խումբ)
«Յուվենտուսը» այնքան է փոխվել ՉԼ-ում իր վերջին մրցաշրջանից հետո, որ այս տարվա մասնակցությունը կարելի է նույնիսկ մեկնարկ անվանել: Սակայն այս բառի բուն իմաստը այս խաղում անհատապես նախատեսված էր բրազիլացի երիտասարդ ֆուտբոլիստ Լուկասի համար, ով վերջապես կարողացավ լոնդոնցիներին ցույց տալ իր իրական ուժը: Բրազիլացու երկու գոլերը խոսում են իր փայլուն տաղանդի մասին: Իսկ «Յուվենտուսը», կարելի է ասել, հաջող մեկնարկեց, քանի որ չնայած ընդունած երկու գնդակներին, կարողացավ հավաքվել և անշտապ գործելով` աստիճանաբար ետ բերել կորցրած երկու գնդակները: ՉԼ գործող չեմպիոնին պարտվելը մեծ հարված չէր լինի «Յուվեի» համար, սակայն այս ոչ ոքին առավել ոգևորող է, քանի որ սա փաստում է թուրինցիների վաստակած որոշակի մակարդակի մասին, որից ներքը թիմն այլևս չի իջնի: Իսկ կարևորն այն է, որ այդ մակարդակը կբավարարի ՉԼ-ում հաջող ելույթներ ունենալու համար:


Միլիոնների խաղեր

Իսկոն ձեռնունայն է թողնում «Զենիթի» ողջ պաշտպանությանը
Իսկոն ձեռնունայն է թողնում «Զենիթի» ողջ պաշտպանությանը
«Մալագա» 2-0 «Զենիթ» (C խումբ)
«Զենիթը» կուրորեն հավատում էր, որ Հալկի վրա ծախսած միլիոնները մեխանիկորեն հաղթանակ են բերելու այդ միլիոններից զրկված «Մալագայի» դեմ, սակայն իսպանացիները դաժանորեն հակառակը ապացուցեցին: Փայլեց երիտասարդ ֆուտբոլիստ Իսկոն, ով շատ շուտով միլիոնների առաջարկներ կստանա տարբեր գրանդներից:

ՊՍԺ 4-1 «Դինամո» Կիև (A խումբ)
ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգայում նույնպես կարողացավ ցույց տալ, որ ներդրված միլիոնները տվել են իրենց արդյունքը: Փարիզցիների վստահ հաղթանակը վերահաստատում է թիմի բարձր դիրքերը Ա խմբում, իսկ Իբրահիմովիչը դարձավ պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, ով գոլի հեղինակ է դառնում եվրագավաթներում 6 տարբեր ակումբների կազմում:


Չկայացած անակնկալ

Ռոմուլոն գրավում է Վալդեսի դարպասը
Ռոմուլոն գրավում է Վալդեսի դարպասը
«Բարսելոնա» 3-2 «Սպարտակ» (G խումբ)
Կատալոնյան թիմի երկու եզրային պաշտպանների` Դանի Ալվեսի և Ադրիանոյի անփույթ գործողությունների արդյունքում հենց առաջին տուրում կարող էր գրանցվել ՉԼ այս խաղարկության առաջին խոշոր սենսացիան: «Սպարտակը» խաղի միջնամասում կարողացավ առաջ անցնել, և պետք է նշել, դա նաև ռուսական թիմի ահռելի աշխատանքի վաստակն էր: Սակայն «կարմիր ավտոբուսը» չկարողացավ դիմակայել մինչ խաղի վերջ և Մեսսին երկու անգամ գրավեց դարպասը: Արդյունքում Ունաի Էմերիի թիմը պարտվեց, սակայն կարող է գլուխը բարձր հեռանալ «Կամպ Նոուից»:

Կայացած անակնկալ
«Լիլլ» 1-3 ԲԱՏԵ (F խումբ)
Բելառուսական թիմը առաջին կեսից հետո «Գրան Ստադ Լիլ Մետրոպոլ» մարզադաշտի հանդերձարան գնաց խփած երեք գնդակներով: Սա ծանր շոկ էր ֆրանսիական թիմի համար, որը երկրորդ կեսում կարողացավ հետ բերել ընդամենը մեկ գնդակ: Արդյունքում ԲԱՏԵ-ն տոնեց իր պատմության մեջ առաջին հաղթանակը ՉԼ-ում:


Հայկականը ՉԼ-ում

Հենրիխ Մխիթարյանի հարվածը
Հենրիխ Մխիթարյանի հարվածը
«Շախտյոր» 2-0 «Նորդսելլանդ» (E խումբ)
«Շախտյորը» առաջին հանդիպումն անցկացրեց ՉԼ նորեկ նորվեգական «Նորդսելլանդի» դեմ: Լուչեսկուի թիմը ակնհայտորեն թերագնահատել էր մրցակցին, և ողջ առաջին խաղակեսը ուկրաինացիները համակերպվում էին այն մտքի հետ, որ իրենց մրցակիցը նույնպես ֆուտբոլ խաղալ գիտի: Սակայն մեր հայրենակից Հենրիխ Մխիթարյանի գոլը «հանդերձարանից» իր տեղը դրեց ամեն ինչ: Երկրորդ կեսում «Շախտյորը» շտկեց իր խաղը, իսկ Մխիթարյանը խփեց երկրորդ գնդակը: Սա աննախադեպ հաջողություն է հայկական ֆուտբոլի համար: Հայ ֆուտբոլիստը ամենաբարձր մակարդակով հայտարարեց իր մասին ողջ Եվրոպայում, ինչը ոչ միայն հպարտանալու, այլև նոր առաջարկների սպասելու առիթ է տալիս մեր հերոսի համար:


Հիասթափություններ

Պացցինիի մոտ ոչինչ չի ստացվում
Պացցինիի մոտ ոչինչ չի ստացվում
«Միլան» 0-0 «Անդերլեխտ» (C խումբ)
Նույնիսկ ամենածանր տարիներին «Միլանի»` Ա սերիայի և ՉԼ ելույթները որակապես տարբերվում էին միմյանցից. որպես կանոն «Միլանը» ՉԼ-ում առավել ճարպիկ ու հաջողակ է:  Սակայն թիմի մեկնարկային խաղը ևս մեկ անգամ հիասթափեցրեց երկրպագուներին: Տնային գոլազուրկ ոչ ոքին լավագույն մեկնարկը չէր «ռոսոներիների» համար:

«Բրագա» 0-2 «Կլուժ» (H խումբ)
«Բրագայի» նախկին ֆուտբոլիստ Ռաֆայել Բաստոսը հաղթանակ է պարգևում «Կլուժին» արտագնա խաղում: Պորտուգալական թիմի պարտությունը հատկապես ցավալի է թիմի վիճակագրության ֆոնի վրա. «Բրագան» կատարել է 23 հարված դարպասին մրցակցի 4 հարվածի դիմաց, բացի այդ ունեցել է գնդակին տիրելու առավելություն` 65-35:

«Մանչեսթեր Յունայթեդ» 1-0 «Գալաթասարայ» (H խումբ)
«ՄՅՈՒ»-ն տարավ նվազագույն հաշվով հաղթանակ, որը չափազանց դժվար տրվեց: Բացի այդ Նանին չկարողացավ իրացնել 11 մետրանոցը, և այդ խնդիրը թվում է խրոնիկական «Կարմիր սատանաների մոտ»:

Դուբլեր
ՉԼ առաջին տուրում գրանցվեցին միանգամից 5 դուբլեր: Դրանց հեղինակները դարձան Ռաֆայել Բաստոսը «Կլուժից», Լիոնել Մեսսին «Բարսելոնայից», Լուկասը «Չելսիից», Իսկոն «Մալագայից» և մեր Հենրիխ Մխիթարյանը «Շախտյորից»:

Մյուս արդյունքները.
A խումբ. «Դինամո» Զագրեբ 0-2 «Պորտու»
B խումբ. «Օլիմպիակոս» 1-2 «Շալկե 04»
B խումբ. «Մոնպելիե» 1-2 «Արսենալ»
D խումբ. «Բորուսիա» Դորտմունդ 1-0 «Այաքս»
F խումբ. «Բավարիա» 2-1 «Վալենսիա»
G խումբ. «Սելթիկ» 0-0 «Բենֆիկա»

Մյունխենում կարոտել էին ՉԼ-ն
Մյունխենում կարոտել էին ՉԼ-ն
Ինչպես տեսնում ենք, Չեմպիոնների լիգան այս տարի հիանալի մեկնարկ վերցրեց: Ընդհանուր առմամբ գրանցվեց 42 գնդակ, և ընդամենը 2 հանդիպում ավարտվեց առանց գոլերի: Խմբային փուլի հաջորդ տուրը հոկտեմբերի 2-3-ին է:

Tuesday, September 4, 2012

Հայ ֆուտբոլիստները այս անգամ էլ անմասն չմնացին իրենց թիմերի հաջողություններում


Մունդիալ 2014-ի խմբային փուլի ազգային հավաքականների խաղերին ընդառաջ կայացան նաև Ուկրաինայի և Ռուսաստանի պրեմիեր լիգաների հերթական` համապատասխանաբար 8-րդ և 7-րդ  տուրի հանդիպումները:

Ուկրաինայի 8-րդ տուրի առաջին հանդիպումը կայացավ Ուժգորոդում, որտեղ Արթուր Եդիգարյանի և Եղիշե Մելիքյանի "Հովերլա Զակարպատիեն" սեփական հարկի տակ ընդունել էր Սիմֆերոպոլի "Տավրիային": Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով 2:1 հաշվով: Վերջապես "Հովերլա Զակարպատիեն" էլ կարողացավ հաղթանակ տոնել, սակայն դեռևս ընթանում է մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականում: Արթուր Եդիգարյանը դուրս եկավ խաղադաշտ իր թիմի մեկնարկային կազմում և հանդես եկավ առանց փոխարինման, իսկ Եղիշե Մելիքյանը փոխարինման դուրս եկավ հանդիպման 87-րդ րոպեին նախկինում հանրահայտ գերմանացի ֆուտբոլիստ Դավիդ Օդոնկորի փոխարեն, որն էլ հեղինակել էր տանտերերի 2-րդ գոլը: Այս խաղը միակն էր` նախատեսված խաղային առաջին օրվա համար:
Խաղային 2-րդ օրվա համար նախատեսված էր 4 հանդիպում: Առաջինը Կրիվոյ Ռոգում խաղադաշտ դուրս եկան տեղի "Կրիվբասը" և Մարիուպոլի "Իլյիչեվեցը": Հաղթանակը ուղեկցեց հյուրերին, որոնք հաղթեցին 1:2 հաշվով: Այնուհետև Լվովում խաղադաշտ դուրս եկան "Կարպատները" և Գևորգ Ղազարյանի, Կառլեն Մկրտչյանի և Արտակ Եդիգարյանի Դոնեցկի "Մետալուրգը": Նիկոլայ Կոստովի սաները սեփական հարկի տակ զիջեցին 0:1 հաշվով: "Մետալուրգի" հաղթանակին 90 րոպեների ընթացքում օգնեց Կառլեն Մկրտչյանը, որը դուրս էր եկել խաղադաշտ իր թիմի հիմնական կազմում, Արտակ Եդիգարյանը փոխարինման դուրս եկավ հանդիպման 89-րդ րոպեին, իսկ Գևորգ Ղազարյանը ընդհանրապես բացակայում էր իր թիմի հայտացուցակից թեթև վնասվածքի պատճառով:
Այս խաղից անմիջապես հետո Օդեսայում տեղի ունեցավ "Չեռնոմորեց" - "Զարյա" հանդիպումը, որտեղ տանտերերը 2:1 հաշվով հաղթանակ տոնեցին Լուգանսկից եկած հյուրերի նկատմամբ: Խաղային 2-րդ օրվա վերջին հանդիպումը կայացավ Պոլտավայում, որտեղ "Վորսկլան" հյուրնկալել էր առաջատարներից մեկին` Դնեպրոպետրովսկի "Դնեպրին": Խաղն ավարտվեց մարտական ոչ ոքի` 2:2 հաշվով: Վերջին 3 հանդիպումները կայացան սեպտեմբերի 2-ին: Նախ` խաղադաշտ դուրս եկան "Վոլին" և "Մետալիստ" թիմերը Լուցկի "Ավանգարդ" մարզադաշտում: Այս խաղը տուրի անակնկալն էր, քանի որ տանտերերը 2:1 հաշվով հաղթանակ տոնեցին Ուկրաինայի գործող բրոնզեմեդալակիրների նկատմամբ: Այս խաղից հետո կայացավ տուրի և  Ուկրաինայի ամբողջ առաջնության կենտրոնական հանդիպումը` Ուկրաինայի "Սուպերկլասիկոն", որտեղ իրար հետ մրցում էին Դոնեցկի  "Շախտյորը" և Կիևի "Դինամոն": 

Հանդիպման 20-րդ րոպեին "Հանքափորներին" առաջ մղեց պաշտպան Ալեքսանդր Կուչերը, սակայն մինչ խաղավարտ հանդիպման 45-րդ րոպեին "Դինամոյական" ֆուտբոլիստ Անդրեյ Յարմոլենկոն վերականգնեց հանդիպման հաշվի հավասարակշռությունը և հիմնական զարգացումները տեղի ունեցան 2-րդ խաղակեսում: Հանդիպման 62-րդ րոպեին, օգտվելով Դարիո Սռնայի փոխանցումից, իր թիմին նորից առաջ մղեց Կուչերը, իսկ 81-րդ րոպեին էլ օգտվելով Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից Լուրիս Ադրիանոն խփեց իր թիմի 3-րդ գնդակը և հաշիվը բերեց վերջնական տեսքի` 3:1 հօգուտ "Շախտյորի": Դե իսկ տուրի վերջին հանդիպումն էլ կայացավ Կիևում, որտեղ տեղի "Արսենալը" սեփական հարկի տակ 3 անպատասխան գնդակ ուղարկեց Զապորոժեի "Մետալուրգի" դարպասը և մի փոքր սփոփեց կիևցի ֆուտբոլասերներին "Դինամոյի" պարտությունից հետո:
 Կայացած 8 տուրերից հետո բացարձակ արդյունքով Դոնեցկի "Շախտյորը" վաստակած 24 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 2-րդ հորիզոնականում է "Դնեպրը" 18 միավորով, նույնքան միավորով Կիևի "դինամոյականները" 3-րդն են: Դե իսկ լավագույն ռմբարկուն էլ շարունաում է մնալ Հենրիխ Մխիթարյանը խփած 11 գնդակով:
Ռուսաստանում էլ կայացան 7-րդ տուրի հանդիպումները: Առաջինը Սարանսկում խաղադաշտ դուրս եկան "Մորդովիան" և Սանկտ Պետերբուրգի "Զենիթը": Գործող չեմպիոնները վստահ հաղթանակ տարան տանտերերի դարպասն ուղարկելով 3 գնդակ, որոնցից 2-ն իր հաշվին գրանցեց Ալեքսանդր Կերժակովը: 3 հանդիպում կայացավ սեպտեմբերի 1-ին: Նախ խաղադաշտ դուրս եկան առաջատարների խմբում ընթացող 2 թիմեր "Ռուբինն" ու "Թերեքը" Կազանի "Կենտրոնական" մարզադաշտում: Գրոզնիից ժամանած հյուրերն շատ "հանդուգն" գտնվեցին և հաղթեցին տանտերերին 1:2 հաշվով: Այս խաղին համընթաց Նիժնի Նովգորոդում Արթուր Սարկիսովի "Վոլգան" սեփական հարկի տակ ընդունեց Դոնի Ռոստովի "Ռոստով" ակումբին: Արդեն 29-րդ րոպեին տանտերերը հայտնվեցին ծանր կացության մեջ, քանի որ խաղադաշտից հեռացվեց կենտրոնական պաշտպան Բույվոլովը, և հյուրերը վաստակեցին 11 մետրանոց հարված: 30-րդ րոպեին հյուրերին առաջ մղեց Բլատնյակը: Սակայն տանտերերը` "Վոլգայի" ֆուտբոլիստները, խույս տվեցին պարտությունից հանդիպման 87-րդ րոպեին Սապոգովի գոլի շնորհիվ: Այս գոլին համահեղինակ էր նաև Արթուր Սարկիսովը, որը փոխարինման դուրս եկավ հանդիպման 57-րդ րոպեին: Այս խաղից հետո Վլադիկավկազում խաղադաշտ դուրս եկան տեղի "Ալանիան" և Պերմի "Ամկարը": Թիմերը փոխանակվեցին մեկական գնդակով և խաղն ավարտվեց արդյունավետ ոչ ոքի` 1:1 հաշվով: Վերջին 4 հանդիպումները տեղի ունեցան սեպտեմբերի 2-ին: Նախ` Կրասնոդարում խաղադաշտ դուրս եկան Յուրա Մովսիսյանի "Կրասնոդարը" և Մոսկվայի "ԲԿՄԱ-ն": Հանդիպման 60-րդ րոպեին "բանակայինների" հարձակվող Ահմեդ Մուսան խփեց այս հանդիպման միակ և հաղթական գնդակը: Յուրա Մովսիսյանը դուրս եկավ խաղադաշտ իր թիմի մեկնարկային կազմում, բայց ոչինչ չկարողացավ անել: Այս խաղից հետո Մոսկվայում խաղադաշտ դուրս եկան Դան Պետրեսկուի գլխավորած վերջին 2 թիմերը Մոսկվայի "Դինամոն" և Կրասնոդարի "Կուբանը":

Իհարկե հայ ֆուտբոլասերներին այս խաղը հետաքրքրում էր այնքանով, որ 2 թիմերի կազմում էլ ընդգրկված են Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ: "Դինամոյի" հայտացուցակից ընդհանրապես բացակայում էր Ռոման Բերեզովսկին: Փոխարենը "Կուբանի" հիմնական կազմում էր Մարկոս Պիցելին, իսկ  Արազ Օզբիլիսն էլ փոխարինման դուրս եկավ հանդիպման 73-րդ րոպեին և դարձավ իր թիմի հաղթական` 2-րդ գոլի հեղինակը: 1:2 հաշվով հաղթանակ տարան Կրասնոդարի "Կուբանի" ֆուտբոլիստները: "Կուբանի" հայտացուցակից ընդհանրապես բացակայում էր Դավիդ Մանոյանը, որը վերադարձել է Երևանի "Փյունիկ": Տուրի նախավերջին հանդիպումը տեղի ունեցավ Սամարայում, որտեղ "Կռիյլա Սովետովը" սեփական հարկի տակ հյուրնկալել էր Մախաչկալայի "Անժիին": Գուուս Հիդինկի սաներին հաջողվեց առավելության հասնել տանտերերի նկատմամբ 1:2 հաշվով: Ռուսաստանի պրեմիեր լիգայի 7-րդ տուրն ավարտվեց մոսկովյան հերթական դերբիով: Իրար դեմ էին մրցում "Լոկոմոտիվն" և "Սպարտակը": Սա նաև 2 մարզիչների հակամարտություն էր, քանի որ հենց մրցաշրջանի մեկնարկից առաջ "Լոկոմոտիվի" ղեկն ստանձնեց Խորվաթիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Սլավեն Բիլիչը, իսկ "Սպարտակը" սկսեց գլխավորել "Վալենսիայի" նախկին գլխավոր մարզիչ Ունաի Էմերին: Ավելի հաջողակ գտնվեցին Բիլիչի սաները, որոնք կարողացան 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնել:
Կայացած 7 տուրերից հետո Ռուսաստանի պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում երկիշխանություն է: Հավասար 16-ական միավորներով առաջին և 2-րդ հորիզոնակններում են տեղ զբաղեցնում համապատասխանաբար "Զենիթն" և "Թերեքը", իսկ լավագույն եռյակը 15 միավորով եզրափակում ն Մոսկվայի "ԲԿՄԱ-ն": Լավագույն ռմբարկուներն էլ 4-ն են խփած 6 գնդակներով: Դրանք են` Ալեքսանդր Կերժակովը "Զենիթ", Դանիլո Նեկոն "Ալանիա", Բիբրաս Նատխոն "Ռուբին" և  Յուրա Մովսիսյան "Կրասնոդար":
Ամփոփելով Ուկրաինայի և Ռուսաստանի պրեմիեր լիգաների համապատասխանաբար 8-րդ և 7-րդ տուրերը` բնականաբար հաճելի հանգամանք է այն, որ  Հայաստանի հավաքականի ճամբար գալուց առաջ հայ ֆուտբոլիստները այս անգամ էլ անմասն չմնացին իրենց թիմերի հաջողության գործերում:


Monday, August 27, 2012

Հայ ֆուտբոլիստները փայլեցին իրենց խաղային որակներով

Ավարտին մոտեցան Ուկրաինայի պրեմիեր լիգայի 7-րդ և Ռուսաստանի պրեմիեր լիգայի 6-րդ տուրի հանդիպումները: 2 առաջնություններում էլ փայլեցին հայ ֆուտբոլիստները, որոնք իրենց թիմերում առանձնացան որակյալ խաղով: Անդրադառնալով առաջնություններից յուրաքանչյուրին,  կներկայացնենք` հայ ֆուտբոլիստների թիմերի ելույթները, տուրի կենտրոնական խաղերը և առաջնությունների առաջատարներին: Այժմ անդրադառնանք յուրաքանչյուր առաջնությանը` առանձին-առանձին:
Ուկրաինայի առաջնության 7-րդ տուրը սկսվեց օգոստոսի 24-ին: Առաջին խաղում "Զարյան" Լուգանսկում` սեփական հարկի տակ, ընդունեց Պոլտավայի "Վորսկլային" և հանդիպումն ավարտվեց արդյունավետ ոչ ոքիով` 1:1 հաշվով: 2 հանդիպում կայացավ օգոստոսի 25-ին: Նախ` Եղիշե Մելիքյանի և Արթուր Եդիգարյանի "Հովերլա Զակարպատիեն" Մարիոպոլում հյուրնկալվեց տեղի "Իլյիչեվեցին": Հանդիպումն ավարտվեց տանտերերի` "Իյլիչեվեցի" հաղթանակով` 2:0 հաշվով, որոնք իրենց 2 գոլերն էլ խփեցին 2-րդ խաղակեսում: Առաջինը` 58-րդ և 85-րդ րոպեներին:  Նշենք, որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Արթուր Եդիգարյանը դուրս եկավ իր թիմի մեկնարկային կազմում և փոխարինվեց 60-րդ րոպեին, իսկ Եղիշե Մելիքյանն էլ թեկուզև  հայտավորված էր խաղին, սակայն այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ: Խաղային 2-րդ օրվա վերջին` 2-րդ հանդիպումը, կայացավ Կիևում, որտեղ առաջնության առաջատարներից մեկը` "Դինամոն" սեփական հարկի տակ ընդունել էր Օդեսայի "Չեռնոմորեցին": Հանդիպումն անցավ տանտերերի բացահայտ առավելությամբ, որոնք  հաղթեցին 2:0 հաշվով: Նախ` հանդիպման հաշիվը բացեց Միլոշ Նինկովիչը հանդիպման 23-րդ րոպեին, իսկ հանդիպման արդյունքը վերջնական տեսքի բերեց և իր թիմի 2-րդ գնդակը խփեց "Դինամոյի" լավագույն ռմբարկու, նիգերացի 23 ամյա հարձակվող` Իդայե Աիդե Բրաունը: Ուկրաինայի պրեմիեր լիգայի 6-րդ տուրի վերջին 5 հանդիպումները կայացան օգոստոսի 26-ին: Առաջինը խաղադաշտ դուրս եկան 2 Մետալուրգները: Զապորոժեում տեղի "Մետալուրգը" ընդունել էր Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ` Գևորգ Ղազարյանի, Կառլեն Մկրտչյանի և Արտակ Եդիգարյանի Դոնեցկի "Մետալուրգին": Հանդիպումն անցավ հյուրերի առավելությամբ և 7-րդ րոպեին Ժունիոր Մորաեսի փոխանցումից հանդիպման հաշիվը բացեց Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ` Գևորգ Ղազարյանը: Այնուհետև հյուրերի առավելությունը ավելի համոզիչ դարձրեց Ժունիոր Մորաեսը` 2-րդ անգամ գրավելով տանտերերի դարպասը` հանդիպման 60-րդ րոպեին: Տանտերերին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը հանդիպման 76-րդ րոպեին Տարաս Լազարովիչի գոլի շնորհիվ: Ավելին անել տանտերերին չհաջողվեց և Դոնեցկի "Մետալուրգը" հաղթեց 1:2 հաշվով: Հանդիպմանը մասնակցեց միայն Գևորգ Ղազարյանը, որն էլ իր հերթին փոխարինվեց հանդիպման 46-րդ րոպեին: Մնացած 2 ֆուտբոլիստները հայտավորված էին խաղին, բայց այդպես էլ խաղադաշտ դուրս չեկան: Այս խաղից հետո Դնեպրոպետրովսկում "Դնեպրը" սեփական հարկի տակ հյուրընկալեց Լուցկի "Վոլինին" և կամային հաղթանակ տարավ 2:1 հաշվով: 

Հաջորդը` Դոնեցում Հենրիխ Մխիթարյանի "Շախտյորը" սեփական հարկի տակ ընդունեց Նիկոլայ Կոստովի սաներին` Լվովի "Կարպատներին": Տանտերերը տարան հեշտ հաղթանակ և ամրապնդվեցին առաջատարի դիրքում: "Շախտյորը" հաղթեց 3:0 հաշվով, 3 գոլն էլ խփելով առաջին խաղակեսում: Հանդիպման հաշիվը բացեց Դենտինյոն 32-րդ րոպեին, 39-րդ րոպեին Լուիս Ադրիանոն խփեց 2-րդ գնդակը, իսկ հանդիպման վերջակետը դրեց Հենրիխ Մխիթարյանը հանդիպման 41-րդ րոպեին և խփելով իր 11-րդ գնդակը ամրապնդվեց լավագույն ռմբարկուի դիրքում: Հենրիխ Մխիթարյանը դուրս եկավ իր թիմի մեկնարկային կազմում և խաղաց առանց փոխարինման: Հաջորդը` Խարկովում "Մետալիստը" ընդունեց Կրիվոյ Ռոգի "Կրիվբասին" և հաղթեց 3:1 հաշվով: Իսկ տուրի վերջին խաղն էլ կայացավ Սիմֆերոպոլում, որտեղ "Տավրիան" ընդունեց Կիևի "Արսենալին" և խաղն ավարտվեց արդյունավետ ոչ ոքիով` 1:1 հաշվով: Ամփոփելով Ուկրաինայի առաջնության 7-րդ տուրը նշենք, որ Դոնեցկի "Շախտյորը" վաստակած 21 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը, 2-րդ հորիզոնականում է գտնվում 18 միավորով Կիևի "Դինամոն", իսկ լավագույն եռյակը եզրափակում է 17 միավորով Դնեպրոպետրովսի "Դնեպրը": Եղիշե Մելիքյանի և Արթուր Եդիգարյանի "Հովերլա Զակարպատիե" ակումբը ոչ մի միավոր չվաստակելով եզրափակում է "Ուկրաինայի" պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը:
Ռուսաստանի պրեմիեր լիգայի 6-րդ տուրը  սկսվեց օգոստոսի 25-ին և առաջինը կայացավ մոսկովյան դերբին "Լոկոմոտիվի" և "Դինամոյի" միջև: Հանդիպումն անցավ լարված և գրավիչ պայքարում, և 2 անգամ հաշվի մեջ զիջելով "երկաթուղայինները" կարողացան վերականգնել հաշվի հավասարությունը, սակայն 3-րդ անգամ չհաջողվեց և "Դինամոն" հյուրնկալվելիս հաղթանակ տոնեց 2:3 հաշվով: Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին հայտավորված էր խաղին "Դինամոյի" կազմում, բայց այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ: Հաջորդ հանդիպումը, որը նաև տուրի կենտրոնական հանդիպումն էր, կայացավ Սանկտ Պետերբուրգում, որտեղ "Զենիթը" հյուրնկալել էր Կազանի "Ռուբինին": Հյուրերը տոնեցին կամային հաղթանակ 1:2 հաշվով, և զգալիորեն կրճատեցին միավորների տարբերությունը հենց "Զենիթից": Այս խաղից անմիջապես հետո Գրոզնիում խաղադաշտ դուրս եկան տեղի "Թերեքը" և Մոսկվայի "Սպարտակը": Հանդիպման 28-րդ րոպեին հյուրերը առաջ անցան հաշվի մեջ, սակայն 2-րդ խաղակեսում տանտերերը խփեցին 2 գնդակ և տոնելով կամային հաղթանակ, ինչպես նաև օգտվելով "Զենիթի" պարտությունից միավորներով հավասարվեցին "պիտերցիներին": Խաղային առաջին օրվա վերջին հանդիպումը կայացավ Դոնի Ռոստովում, որտեղ "Ռոստովը" հյուրնկալեց Վլադիկավկազի "Ալանիային" և հաղթեց 3:1 հաշվով: Ռուսաստանի պրեմիեր լիգայի 6-րդ տուրի խաղային 2-րդ օրվա համար նախատեսված էր 3 հանդիպում: Առաջինը` Պերմում խաղադաշտ դուրս եկան տեղի "Ամկարը" և Կրասնոդարի համանուն թիմը: Հանդիպման առաջին խաղակեսի 20-րդ և 25-րդ րոպեների 2 գոլի հեղինակ դարձավ և "դուբլ" ձևակերպեց "Կրասնոդարի" և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող` Յուրա Մովսիսյանը: Սակայն հետագայում տանտերերը խփեցին 2 պատասխան գնդակները և խաղն ավարտվեց արդյունավետ ոչ ոքիով` 2:2 հաշվով: Սակայն հանուն արդարության նշենք, որ տանտերերը իրենց 2 գնդակներն էլ խփեցին "Կրասնոդարի" դարպասապահ Սինիցինի սխալից: 2-րդ հանդիպման ժամանակ Մոսկվայում "ԲԿՄԱ-ն" սեփական հարկի տակ ընդունեց Սամարայի "Կռիյլա Սովետովին" և հաղթեց խոշոր` 3:0 հաշվով: Իսկ խաղային 2-րդ օրվա համար նախատեսված վերջին հանդիպումն էլ կայացավ Մախաչկալայում, որտեղ "Անժին" սեփական հարկի տակ 4:2 հաշվով հաղթեց Սարանսկի "Մորդովիային": Տանտերերից "դուբլի" հեղինակ դարփձավ հանրահայտ կամերունցի` "Բարսելոնի" և "Ինտերի" նախկին հարձակվող` Սամուել Էտօ'օ-ն: 
Պիցելիի գոլը
Իսկ ահա Ռուսաստանի ընթացիկ առաջնության 6-րդ տուրի վերջին հանդիպումը կայացավ Կրասնոդարում, որտեղ "Կուբանը" սեփական հարկի տակ ընդունեց Նիժնի Նովգորոդի "Վոլգային": Այս հանդիպումը հայ ֆուտբոլասերների հետաքրքիր էր այնքանով, որ 2 թիմերի կազմում միասին վերցրած հանդես են գալիս Հայաստանի ազգային հավաքականի միանգամից 4 ֆուտբոլիստ: Հանդիպումն անցավ գոլառատ պայքարում և գրանցվեց միանգամից 8 գոլ: Միանգամից նշենք, որ 2 թիմերի մեկնարկային կազմերում էլ խաղում էին Հայաստանին հավաքականի ֆուտբոլիստներ: "Կուբանից"` Մարկոս Պիցելին, իսկ "Վոյգայից"` Արթուր Սարկիսովը: 2 ֆուտբոլիստներն էլ իրենց թիմի կազմում անցկացրեցին ողջ հանդիպումը: Հանդիպման հենց առաջին րոպին "Կուբանին" հաշվի մեջ առաջ մղեց Դավիդ Ցորաևը: 5-րդ րոպեին գնդակը 2-րդ անգամ հայտվեց "Վոլգայի" դարպասում, սակայն մրցավարը գտավ, որ խաղից դուրս վիճակից է Մարկոս Պիցելին գոլ խփել: Սակայն 13-րդ րոպեին Մարկոս Պիցելին կատարեց իր սև գործը, և մրցակցին ստիպեց 2-րդ անգամ գնդակը հանել սեփական դարպասից: Առաջին խաղակեսում գրանցվեց ևս մեկ գոլ, և 44-րդ րոպեին տանտերերից աչքի ընկավ սենեգալցի հարձակվող Իբրահիմա Բալդեն: 3:0 հօգուտ "Կուբանի" և թիմերը գնացին ընդմիջման: Դեռ չէր սկսվել 2-րդ խաղակեսը և ընթանում էր հանդիպման 47-րդ րոպեն, երբ Մարկոս Պիցելին հյուրերի դարպասն ուղարկեց իր թիմի 4-րդ գնդակը և ձևակերպեց "դուբլ": Հանդիպման 52-րդ րոպեին տանտերերի տուգանային հրապարակ ներխուժեց և 11 մետրանոց վաստակեց Արթուր Սարկիսովը: Սարկիսովի վաստակած 11 մետրանոցը վստահորեն իրացրեց և հանդիպման հաշիվը թրջեց Շամիլ Ասիլդարովը: 59-րդ րոպեին Անդրեյ Իոնովին փոխարինեց Արազ Օզբիլիսը, որը իր հերթին դարձավ իր թիմի խփած 5-րդ և 6-րդ գոլերի համահեղինակ: Խաղի 69-րդ րոպեին "Կուբանից" "դուբլ" ձևակերպեց և իր թիմի 5-րդ գնդակը խփեց Բալդեն, իսկ 76-րդ րոպեին էլ հանդիպման հաշիվը 6:1 սարքեց տանտերերի ռումինացի հարձակվող Դանիել Նիկուլաեն: Հանդիպման 78-րդ րոպեին "Վոլգան" խփեց ևս մեկ պատասխան գնդակ, սակայն "Կուբանը" հաղթեց 6:2 խոշոր հաշվով: Այս հանդիպմանը Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներից չմասնակցեց միայն Դավիդ Մանոյանը, որը բացակայում էր "Կուբանի" հայտացուցակից: Ռուսաստանի առաջնության 6-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակում երկիշխանություն է: Հավասար 13-ական միավորներ վաստակած "Զենիթն" ու "Թերեքը" գլխավորում են մրցաշարային աղյուսակը, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Մոսկվայի "Սպարտակը" վաստակած 12 միավորով: Այսպիսով` ամփոփելով Ուկրաինայի պրեմիեր լիգայի 7-րդ տուրը և Ռուսաստանի պրեմիեր լիգայի 6-րդ տուրը կարող ենք փաստել`այն ուրախալի հանգամանքը, որ Հայաստանի հավաքականի մրցելույթներց առաջ իրենց թիմերի կազմում հայ ֆուտբոլիստները փայլեցին իրենց խաղային որակներով:

Monday, August 13, 2012

Հենրիխ Մխիթարյանը ձևակերպեց իր հերթական դուբլը

Ավարտվեց Ուկրաինայի պրեմիեր լիգայի 5-րդ տուրը: 5-րդ տուրը  մեկնարկեց օգոստոսի 10-ին: Սիմֆերոպոլում "Տավրիան ընդունեց Զապորոժեի "Մետալուրգին": Հանդիպման 63-րդ րոպեին հանդիպման միակ գնդակը խփեց "Տավրիայի" և Ուկրաինայի ազգային հավաքականի կիսապաշտպան Սերգեյ Նազարենկոն և հաղթանակ պարգևեց տանտերերին: 5-րդ տուրի 3 հանդիպում կայացավ  օգոստոս 11-ին: Առաջինը Լուգանկում խաղադաշտ դուրս եկան տեղի "Զարյան" և Կրիվոյ Ռոգի "Կրիվբասը": Այս հանդիպման ժամանակ էլ գրանցվեց ընդամենը մեկ գոլ, և հյուրերը հաղթանակ տոնեցին 0:1 հաշվով: Այնուհետև Դնեպրոպետրովսկում խաղադաշտ դուրս եկան առաջնության առաջատարներից մեկը` տեղի "Դնեպրը", և Եղիշե Մելիքյանի "Հովերլա Զակարպատիե" ակումբը: Հանդիպման 12-րդ րոպեին տանտերերին առաջ մղեց Ուկրաինայի ազգային հավաքականի հարձակվող Ռոման Զոզուլյան: Առաջին խաղակեսում այլևս գոլեր չգրանցվեցին: Հիմնական իրադարձությունները զարգացան 2-րդ խաղակեսում: Եվ հանդիպման 54-րդ րոպեին Հայաստանի հավաքականի նախկին պաշտպան` Եղիշե Մելիքյանը տուգանային գեղեցիկ հարվածով վերականգնեց հանդիպման հաշվի հավասարակշռությունը: Սակայն Մելիքյանի գոլն էլ չօգնեց "Հովերլա Զակարպատիեին", քանի որ տանտերերը հյուրերի դարպասն ուղարկեցին ևս 3 գնդակ: Նախ հանդիպման 73-րդ րոպեին տանտերերին առաջ մղեց Ուկրաինայի ազգային հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստ` կիսապաշտպան Ռուսլան Ռոտանը, այնուհետև տանտերերի առավելությունը 2 գոլի վերածեց բրազիլացի լեգեոներ Ժուլիանոն, իսկ հանդիպման վերջակետն էլ դրեց Ռոման Զոզուլյան` մրցավարի կողմից հիմնական ժամանակին ավելացված 3-րդ րոպեին ձևակերպելով դուբլ: 4:1 հօգուտ "Դնեպրի" և Եղիշե Մելիքյանի թիմը այս առաջնությունում դեռևս միավոր չվաստակելով, եզրափակում է Ուկրաինայի առաջնության մրցաշարային աղյուսակը: Մյուս հանդիպումը "Հովերլա Զակարպատին" կանցկացնի օգոստոսի 18-ին և կընդունի Խարկովի "Մետալիստին": Իսկ օգոստոսի 11-ին կայացած վերջին խաղն էլ, տեղի ունեցավ Օդեսայում, որտեղ "Չեռնոմորեցը" ընդունեց Լվովի  "Կարպատներին": Թիմերը փոխանակեցին մեկական գնդակ և հանդիպումն ավարտվեց ոչ ոքի 1:1 հաշվով: Նիկոլայ Կոստովի գլխավորությամբ 2-րդ խաղն անընդմեջ "Կարպատները" չի պարտվում: Ուկրաինայի առաջնության 5-րդ տուրի վերջին 4 հանդիպումները տեղի ունեցան օգոստոսի 12-ին: Նախ առաջնության առաջատարներից մեկը` Կիևի "Դինամոն" սեփական հարկի տակ ընդունեց Լուցկի "Վոլինին" և առավելությն հասավ 4:1 հաշվով: Այս հանդիպումից հետո արդեն խաղադաշտ դուրս եկավ առաջնության մյուս առաջատարը` Հենրիխ Մխիթարյանի Դոնեցկի "Շախտյորը", որը սեփական հարկի տակ ընդունել էր Պոլտավայի "Վորսկլային": Խաղն անցավ տանտերերի բացահայտ առավելությամբ: Հանդիպման 8-րդ րոպեին արդեն Ֆերնանդինյոյի փոխանցումից հետո հանդիպման հաշիվը բացեց Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը: 18-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը նորից աչքի ընկավ` այս անգամ գոլային փոխանցումով: Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի փոխանցումից հետո հանդիպման հաշիվը կրկնապատկեց Ուկրաինայի ազգային հավաքականի հարձակվող Մարկո Դեվիչը: Առաջին խաղակեսի 38-րդ րոպեին հյուրերից հաշիվը կրճատեց Ջանուզին: Առաջին խաղակեսում այլևս գոլեր չգրանցվեցին: Իսկ ահա 2-րդ խաղակեսում` հանդիպման 58-րդ րոպեին, Վյաչեսլավ Շևչուկի փոխանցումից հետո նորերից տանտերերին 2 գոլի առավելություն տվեց Հենրիխ Մխիթարյանը, հեղինակելով ընթացիկ առաջնությունում իր 7-րդ գնդակը: Իսկ հանդիպման վերջակետը դրվեց հանդիպման 63-րդ րոպեին, "Շախտյորին" խոշոր հաշվով հաղթանակ պարգևեց բրազիլացի կիսապաշտպան Ալեքս Տեյշերան: 4:1 հօգուտ "Շախտյորի": Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:   

"Շախտյորը" հաջորդ հանդիպումը կանցկացնի օգոստոսի 19-ին` Օդեսայի "Չեռնոմորեցի" հետ: Տուրի նախավերջին հանդիպումը կայացավ Խարկովում, որտեղ  Ուկրաինայի տիտղոսակիր թիմերից մեկը` Խարկովի "Մետալիստը", սեփական հարկի տակ ընդունել էր Կիևի "Արսենալին": Սա տուրի անակնկալն էր, քանի որ հյուրերը առավելության հասան 0:1 հաշվով: Իսկ տուրի վերջին հանդիպումը կայացավ Մարիոպոլում, որտեղ "Իյլիչեվեցը" հյուրնկալել էր Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Գևորգ Ղազարյանի, Արտակ Եդիգարյանի և Կառլեն Մկրտչյանի` Դոնեցկի "Մետալուրգին":  Հանդիպման միակ գոլը գրանցվեց հանդիպման 63-րդ րոպեին և հյուրերից աչքի ընկավ Վոլիկովը, որը 0:1 հաշվով հաղթանակ պարգևեց "Մետալուրգին": Վերջապես այս առաջնությումնում "Մետալուրգն" էլ հաղթանակ տոնեց և վաստակելով 4 միավոր` բարձրացավ մրցաշարային աղյուսակի 13-րդ հորիզոնական: "Մետալուրգի" հիմնական կազմում խաղադաշտ դուրս եկավ միայն Գևորգ Ղազարյանը և անցկացրեց ողջ հանդիպումը` առանց փոխարինման, իսկ Հայաստանի ազգային հավաքականի մյուս 2 ֆուտբոլիստներից` Արտակ Եդիգարյանը, պահեստայինների թվում էր, իսկ Կառլեն Մկրտչյանն էլ, ընդհանրապես բացակայում էր հայտացուցակից: Դոնեցկի "Մետալուրգն" հաջորդ հանդիպումն կանցկացնի օգոստոսի 19-ին և սեփական հարկի տակ կնդունի Սիմֆերոպոլի "Տավրիային": Այսպիսով Ուկրաինայի առաջնության 5-րդ տուրից հետո, վաստակած 15-ական միավորնեով 1-ին և 2-րդ հորիզոնականներն են զբաղեցնում համապատասխանաբար` "Շախտյորն" ու "Դինամոն", իսկ լավագույն եռյակը եզրափակում է Դնեպրոպետրովսկի "Դնեպրը" վաստակած 13 միավորով: Առաջնության լավագույն ռմբարկուն է հանդիսանում Հենրիխ Մխիթարյանը հեղինակած 7 գոլով: Հենրիխ Մխիթարյանին հաջորդում է Կիևի "Դինամոյի" նիգերացի հարձակվող Իդայե Բրաունը խփած 6 գոլով, իսկ լավագույն եռյակն էլ եզրափակում է Դնեպրոպետրովսկի "Դնեպրի" հարձակվողական ոճի կիսապաշտպան բրազիլացի Ժուլիանոն խփած 4 գոլով:
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, Հայաստանի ազգային հավաքական Ոկրաինայում հանդես եկող 5 ֆուտբոլիստներից հրավիրել է 4-ին: Դոնեցկի "Մետալուրգից"`  պաշտպան` Արտակ Եդիգարյանին, հենակետային կիսապաշտպան`  Կառլեն Մկրտչյանին և հարձակվողական ոճի կիսապաշտպան` Գևորգ Ղազարյանին: Իսկ Դոնեցկի "Շախտյորից" էլ հավաքականի ճամբար է հրավիրվել Հենրիխ Մխիթարյանը: Եվ իհարկե, ոգևորող փաստ է, որ հավաքական ժամանելուց առաջ Հենրիխ Մխիթարյանը ձևակերպեց իր հրթական դուբլը:

Tuesday, August 7, 2012

Հայ ֆուտբոլիստները` Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնությունների ռմբարկուների թվում

Հենրիխ Մխիթարյան
Ավարտվեցին Ուկրաինայի պրեմիեր լիգայի 4-րդ տուրի, և Ռուսաստանի պրեմիեր լիգայի  3-րդ տուրի հանդիպումները: Այժմ անդրադառնալով յուրաքանչյուր առաջնությանը առանձին-առանձին կփորձենք` վերլուծել վերոնշյալ երկրների ակումբներում խաղացող հայ ֆուտբոլիստների խաղերը  և կներկայացնենք` յուրաքանչյուր առաջնության առաջատարներին:
Ուկրաինայի առաջնության 4-րդ տուրի հանդիպումները սկսվեցին օգոստոսի 3-ից: Առաջինը Կրիվոյ Ռոգում խաղադաշտ դուրս եկան տեղի "Կրիվբասը" և չեմպիոնության գլխավոր հավակնորդներից մեկը` Կիևի "Դինամոն": Հանդիպման 86-րդ րոպեին Անդրեյ Յարմոլենկոյի գրանցած գոլի շնորհիվ հաղթանակ տոնեցին Կիևի դինամոյականները: Նույն օրը խաղադաշտ դուրս եկավ նաև Եղիշե Մելիքյանի` "Հովերլա Զակարպատիե" ակումբը, որը սեփական հարկի տակ ընդունել էր Լուգանսի "Զարյային": Եղիշե Մելիքյանը մասնակցեց ողջ հանդիպմանը, սակայն ոչնչով չկարողացավ օգնել իր ակումբին և "Հովերլա Զակարպատիեն" զիջեց 0:1 հաշվով, հանդիպման միակ գոլը գրանցվեց 84-րդ րոպեին, և այն հեղինակեց փոխարինման դուրս եկած վրացի հարձակվող Ջաբա Լիպարտիան: Հաջորդ օրը` օգոստոսի 4-ին, կայացավ ընդամենը մեկ հանդիպում, որտեղ Լվովում "Կարպատները" Նիկոլայ Կոստովի գլխավորությամբ ընդունել էր Սիմֆերոպոլի "Տավրիային": Պետք է նշել, որ հայ ֆուտբոլասերներին քաջ հայտնի բուլղարացի մարզչի (Նիկոլայ Կոստովը մինչ Ուկրաինայի առաջնություն տեղափոխվելը գլխավորել էր Երևանի "Բանանցը" խմբ.)  դեբյուտը շատ հաջող ստացվեց, և "Կարպատները" հաղթանակ տոնեց 2:0 հաշվով: Միանգամից 4 հանդիպում կայացավ օգոստոսի 5-ին: Առաջինը ասպարեզ դուրս եկան Զապորոժյեի "Մետալուրգը" և Մարիուպոլի "Իլյիչեվեցը". հյուրերը վստահ հաղթանակ տարան 0:3 հաշվով: Հաջորդ հանդիպումը տեղի ունեցավ Պոլտավայում, որտեղ "Վորսկլան" ընդունել էր Օդեսայի "Չեռնոմորեցին", այս անգամ էլ հաջողությունը ուղեկցեց հյուրերին, որոնք հաղթանակ տոնեցին 0:1 հաշվով: Մյուս խաղը կայացավ Կիևում, որտեղ տեղի "Արսենալը" ընդունել էր առաջատարներից մեկին` Դնեպրոպետրովսկի "Դնեպրին": Հանդիպումն ավարտվեց ոչ ոքի` 1:1 հաշվով, և առաջատարներից մեկը շատ կարևոր 2 միավոր կորցրեց: Օգոստոսի 5-ի վերջին հանդիպումը կայացավ Դոնեցկում, որտեղ հայ ֆուտբոլիստներ` Գևորգ Ղազարյանի և Արտակ Եդիգարյանի "Մետալուրգը" սեփական հարկի տակ ընդունել էր ուկրաինական հեղինակավոր թիմերից մեկին` Խարկովի "Մետալիստին": Առաջին խաղակեսից հետո "Մետալուրգը" զիջում էր 0:2 հաշվով, հյուրերից 2 անգամ հանդիպման 7-րդ և 39-րդ րոպեներին աչքի էր ընկել բրազիլացի 29-ամյա հարձակվող` Շելթոն Խավիերը: Սակայն 2-րդ խաղակեսում տանտերերի գլխավոր մարզիչ Վլադիմիր Պյատենկոն, գուշակեց 2 ճիշտ փոխարինում: Փոխարինման դուրս եկած 22-ամյա պաշտպան Արտյոմ Բարանովսկին հանդիպման 71-րդ րոպեին կրճատեց հաշվի տարբերությունը, այնուհետև փոխարինման դուրս եկած մալիեցի հարձակվող Դրաման Տրաորեն էլ, վերականգնեց հաշվի հավասարակշռություը և հանդիպումն ավարտվեց ոչ ոքի` 2:2 հաշվով: Հայաստանի ազգային հավաքականի 2 ֆուտբոլիստներն էլ, խաղադաշտ դուրս եկան "Մետալուրգի" հիմնական կազմում և խաղացին ամբողջ խաղը` առանց փոխարինման: Տուրի վերջին հանդիպումը կայացավ օգոստոսի 6-ին, որտեղ Լուցկի "Վոլինը" ընդունել էր`Ուկրաինայի պրեմիեր լիգայի գործող չեմպիոն Դոնեցկի "Շախտյորին": Հանդիպումն անցավ "հանքափորների" բացահայտ առավելությամբ, և "Շախտյորը" հաղթեց խոշոր 0:4 հաշվով: Առաջին խաղակեսում արդեն գրանցվել էր 3 գոլ: Հանդիպման 4-րդ րոպեին արդեն Մարկո Դեվիչը առաջ մղեց հյուրերին, իսկ 32-րդ րոպեին էլ "հանքափորների" առավելությունը կրկնապատկեց Հայասանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, և առաջին խաղակեսի ավարտից 3 րոպե առաջ` 42-րդ րոպեին էլ, աչքի ընկավ Ալեքս Տեյշերան: Իսկ 2-րդ խաղակեսում էլ, գրանցվեց ընդամենը մեկ գոլ, և հանդիպման 51-րդ րոպեին 2-րդ անգամ աչքի ընկավ Հենրիխ Մխիթարյանը: 4 տուրից հետո վաստակած 12-ական միավորներով "Շախտյորն" ու "Դինամոն" կիսում են առաջին 2 հորիզոնականները, իսկ նրանց 10 միավորով հաջորդում և 3-րդ տեղն է զբաղեցնում,Դնեպրոպետրովսկի "Դնեպրը":


Ռուսաստանի առաջնությունում էլ, կայացան 3-րդ տուրի հանդիպումները: Տուրի գլխավոր կենտրոնական խաղում Մոսկվայում "ԲԿՄԱ"-ն ընդունել էր Սանկտ-Պետերբուրգի "Զենիթին": Այս խաղում բանակայինները զիջեցին 1:3 հաշվով: Հյուրերից հաշիվը բացեց Սերգեյ Սեմակը հանդիպման 10-րդ րոպեին: Առաջին խաղակեսում նաև գրանցվեցին խաղի մնացած 3 գոլերը. նախ` 13-րդ րոպեին, աչքի ընկավ Ալեքսանդր Կերժակովը, այնուհետև` 32-րդ րոպեին ռուսական ֆուտբոլի վետերան Սերգեյ Սեմակը, խփեց այդ խաղում իր 2-րդ գնդակը, և ձևակերպեց դուբլ: Տան տերերից հաշիվը թրջեց Կեյսուկե Հոնդան` առաջին խաղակեսի 43-րդ րոպեին: 2-րդ կենտրոնական հանդիպումը դա մոսկովյան դերբին էր: Սեփական հարկի տակ "Դինամոն" ընդունել էր "Սպարտակին": Հանդիպումն անցավ հյուրերի բացահայտ առավելությամբ, որոնք հաղթեցին խոշոր 0:4 հաշվով: "Դինամոյի" պահեստայինների թվում հայտավորված էր Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ` Ռոման Բերեզովսկին: Վերջինս դեռևս չի մասնակցել նոր մեկնարկած Ռուսաստանի առաջնության ոչ մի հանդիպման, բայց դինամոյականների վերջին տեղում հայտնվելու փաստը, հույս ունենանք, կստիպի գլխավոր մարզչին խաղադաշտ դուրս բերել Ռոման Բերեզովսկուն: Նիժնի Նովգորոդի "Վոլգան", որտեղ ընդգրկված է Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը, սեփական հարկի տակ 1:2 հաշվով զիջեց Կազանի "Ռուբինին": Արթուր Սարկիսովը ընդհանրապես հայտավորված չէր հանդիպմանը: Կրասնոդարի համանուն թիմը` սեփական հարկի տակ ընդունել էր Մոսկվայի "Լոկոմոտիվին": Երկաթուղայինները, Ֆելիպե Կայսեդոի ջանքերով առաջ անցան հաշվի մեջ արդեն խաղի 19-րդ րոպեին:  2-րդ խաղակեսի հենց սկզբից "Կրասնոդարի" գլխավոր մարզիչ` Սվոլյուբ Մուսլինը, խաղադաշտ դուրս բերեց Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանին, ինչը բեկումնային եղավ խաղի համար: Հանդիպման 47-րդ րոպեին Ռոման Պավլյուչենկոն, գրավելով սեփական դարպասը, վերականգնեց խաղի հավասարակշռությունը: Հանդիպման 57-րդ րոպեին Յուրա Մովսիսյանի վաստակած 11 մետրանոց հարվածով, տան տերերին առաջ մղեց բրազիլացի Ժոազինյոն: Իսկ ահա հանդիպման 80-րդ րոպեին, հանդիպման վերջակետը դրեց Յուրա Մովսիսյանը:  
Յուրա Մովսիսյան
Սամարայում "Կռիյլա Սովետովը" ընդունել էր Կրասնոդարի "Կուբանին": "Կռիյա Սովետով"  ակումբում ընդգրկված է հայ կիսապաշտպպան Ռոման Գրիգորյանը, իսկ "Կուբանում" հանդես է գալիս Հայաստանի Ազգային հավաքականի հարձակվողական ոճի կիսապաշտպան Մարկոս Պիցելին, ինչպես նաև "Կուբանում" դեռևս փորձաշրջան է անցնում մեկ այլ հայ կիսապաշտպան` Դավիթ Մանոյանը: Մարկոսն ասպարեզ դուրս եկավ "Կուբանի" հիմնական կազմում, և ոչնչով չկարողացավ օգնել իր թիմին. հանդիպումն ավարտվեց 2:1 "Կռիյլա Սովետովի հաղթանակով: Ռոման Գրիգորյանը ընդգրկված էր տանտերերի պահեստայինների թվում, սակայն էդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ, իսկ Դավիթ Մանոյանն էլ ընդհանրապես բացակայում էր "Կուբանի" հայտացուցակից: Որոշ լրատվամիջոցների տեղեկացմամբ` Հայաստանի հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստ` Արազ Օզբիլիսը, "Կուբանի" հետ կնքել էր քառամյա պայմանագիր, բայց տեղեկացնենք, որ Օզբիլիսը խաղադաշտ էր դուրս եկել "Այաքս" Ամստերդամի հիմնական կազմում, և առանց փոխարինման խաղացել է Հոլանդիայի սուպերգավաթի խաղարկությունում, որտեղ "Այաքսը" 2:4 հաշվով զիջել է Դիկ Ադվոկատի գլխավորած "ՊՍՎ" Էինդհովեն ակումբին: Հայ ֆուտբոլասերներին տեղեկացնենք, որ Ռուսաստանի առաջնության հաջորդ` 4-րդ տուրում` օգոստոսի 10-ին, տեղի կունենա Կրասնոդարյան դերբին, որտեղ "Կուբանը" կմրցի "Կրասնոդարի" հետ: Ռուսաստանի պրեմիեր լիգայի 3 տուրերից հետո աղյուսակում երկիշխանություն է. "Սպարտակն" ու "Զենիթը" հավաքել են հավասար 9-ական միավորներ: Նրանց հաջորդում է 7 միավորով Մախաչկալայի "Անժին":

Վերջում նորից անդրադառնանք մեր ֆուտբոլիստների խփած գոլերին: Հենրիխ Մխիթարյանը, ձևակերպելով դուբլ Ուկրաինայի ընթացիկ առաջնության իր անցկացրած 4-րդ խաղում, սկսեց միանձնյա գլխավորել ռմբարկուների աղյուսակը` իր խփած 5 գնդակներով: Յուրա Մովսիսյանն էլ, ընթացիկ առաջնության իր 3-րդ խաղում խփեց 3-րդ գնդակը, և հայտնվեց լավագույն ռմբարկուների մեջ: Այժմ Յուրան ընդամենը մեկ գոլով է զիջում լավագույն ռմբարկու Ալեքսանդր Կերժակովին:

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Web Hosting Coupons