Showing posts with label Գանձասար. Show all posts
Showing posts with label Գանձասար. Show all posts

Monday, August 6, 2012

Գյումրիի "Շիրակը" պահպանեց առաջին հորիզոնականը

Ավարտվեց ֆուտբոլի Հայաստանի 21-րդ առաջնության` բարձրագույն խմբի 17-րդ տուրի հանդիպումները: Կայացած 4 խաղերից 2 անգամ առավելության հասան հյուրերը, մեկ հանդիպում ավարտվեց ոչ ոքի արդյունքով, մեկ անգամ էլ հաջողությունն ուղեկցեց  տանտերերին: Ընդհանուր առմամբ կայացած 4 խաղերում գրանվեց ընդամենը 9 գոլ: Այժմ անդրադառնանք յուրաքանչյուր խաղին առանձին-առանձին:

Օգոստոսի 4-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան "Հանրապետական" մարզադաշտում, Երևանի "Փյունիկը" հյուրընկալել էր Դիլիջանի "Իմպուլսին": Խաղից առաջ քիչ թե շատ ֆավորիտ էր համարվւմ "Փյունիկը", սակայն հանդիպումն ընթացավ լրիվ այլ սցենարով: Արդեն հանդիպման 29-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ "Իմպուլսի" լեգեոնական, մակեդոնացի եզրային հարձակվող` Ֆիլիպ Տիմովը և առաջ մղեց հյուրերին: Առաջին խաղակեսի մնացած ժամանակահատվածում "Փյունիկը" փորձեց խույս տալ պարտությունից և հավասար արդյունքով գնալ ընդմիջման, սակայն չստացվեց: 2-րդ խաղակեսում էլ շատ ակտիվ էին "Փյունիկի" ֆուտբոլիստները, բայց տանտերերի մոտ չէր ստացվում վերջին դիպուկ հարվածը:  Իսկ ահա հանդիպման 71-րդ րոպեին էլ, հյուրերի առավելությունը կրկնապատկեց փոխարինման դուրս եկած 20-ամյա երիտասարդ կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանը: Միայն մրցավարի կողմից հիմնական ժամանակին ավելացված  4-րդ րոպեին "Փյունիկի" ֆուտբոլիստներից կարողացավ հաշիվը նվազագույնի հասցնել փոխարինման դուրս եկած 17-ամյա գյումրեցի հարձակվող Վյուլեն Այվազյանը: Այսպիսով` հանդիպումն ավարտվեց 1:2 ի օգուտ հյուրերի: Փաստորեն դիլիջանցիները կարողացան 3-րդ շրջանում տոնել իրենց 3-րդ անընդմեջ հաղթանակը և վաստակելով 32 միավոր ամրապնդվեցին 3-րդ հորիզոնականում` իրենցից առաջ թողնելով միայն "Միկային" և "Շիրակին":

"Փյունիկ"-"Իմպուլս" խաղից հատված
Հաջորդ հանդիպումը նույն օրը` օգոստոսի 4-ին, կայացավ Կապանում, որտեղ տեղի "Գանձասարն" ընդունեց նախավերջին տեղում ընթացող Երևանի "Բանանցին": Թվում էր, թե տանտերերը կհասնեն առավելության, քանի որ "Բանանցն" այս մրցաշրջանում, մեղմ ասած, չի փայլում գրավիչ խաղով, և պատահական չէ, որ հանգրվանել է 7-րդ` նախավերջին, հորիզոնականում: Խաղի սկիզբը խոստումնալից էր կապանցիների համար, և հանդիպման 18-րդ րոպեին տանտերերին հաշվի մեջ առաջ մղեց հոլանդացի` հարձակվողական ոճի կիսապաշտպան` Ռոժելիո Զեեդորֆը: Այնուամենայնիվ, տանտերերը չկարողացան էլ ավելի մեծացնել հաշվի տարբերությունը, և հանդիպման 45-րդ րոպեին "Բանանցի" երիտասարդ կիսապաշտպան Լևոն Անանյանը կարողացավ հավասարեցնել հաշիվը: 2-րդ խաղակեսում "Գանձասարի" ֆուտբոլիստները նետվեցին առաջ, որպեսզի հաղթական արդյունքով ավարտեն հանդիպումը, սակայն խաղում այլևս գոլ չգրանցվեց և հանդիպումն ավարտվեց ոչ ոքի 1:1 հաշվով:

Հաջորդ 2 հանդիպումները կայացան օգոստոսի 5-ին: Գյումրու քաղաքային մարզադաշտում իր բազմահազարանոց ֆուտբոլասերների բանակի դիմաց խաղադաշտ դուրս եկավ "Շիրակը", որի մրցակիցը գործող չեմպիոն Երևանի "Ուլիսն" էր: Հանդիպումից առաջ դժվար էր ենթադրություն կատարել թե որ թիմը կհասնի հաջողության, քանի որ "Ուլիսը" Շիրակի հետ հանդիպումից առաջ համալրվել էր 4 խաղացողներով, հենց "Շիրակից" հեռացած աջ պաշտպան Հովհաննես Գրիգորյանով, Դիլիջանի "Իմպուլսից" հեռացած կենտրոնական բրազիլացի պաշտպան Ջուլիանո Հիմենեսով, Բուլղարիայի "Չեռնոմորեցից" Հայաստան վերադարձած, Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան`Սամվել Մելքոնյանով, և Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան վերադարձած, նորից Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող` Գալուստ Պետրոսյանով: Իսկ "Շիրակը" խաղին ներկայացել էր մեկ կորստով, ինչպես նշեցինք` թիմից հեռացել էր Հովհաննես Գրիգորյանը: Ինչևէ, խաղն ընթացավ բավականին լարված պայքարում: Առաջին խաղակեսում "Ուլիսը" զիջել էր խաղը տանտերերին, իսկ գյումրեցիները կարծես չէին ցանկանում լուրջ գործողությունների անցնել: Առաջին 45 րոպեների ընթացքում այդպես էլ գոլ չգրանցվեց: 2-րդ խաղակեսում գրանցվեց միանգամից 3 գոլ: Առաջինը հյուրերին` հանդիպման 58-րդ րոպեին, առաջ մղեց Արսեն Բալաբեկյանը: Մրցակցի անակնկալ գոլը ստիպեց "Շիրակին" խաղալ: Մարզիչ Վարդան Բիչախչյանը դաշտ դուրս բերեց սենեգալցի կիսապաշտպան Լամին Լի Յորոյին, և այդ հանգամանքը շատ բուռն ընդունվեց երկրպագուների կողմից: Յորոն ակտիվացրեց խաղը հարձակման գծում և շատ արագ ձևակերպեց "դուբլ"`  կամային հաղթանակ պարգևելով "Շիրակին" :

17-տուրի 4-րդ հանդիպումն էլ կայացավ Երևանի "Միկա" մարզադաշտում, որտեղ չեմպիոնության գլխավոր հավակնորդներից մեկը` Երևանի "Միկան", ընդունել էր հետնապահ "Արարատին": Գրեթե ոչ ոք չէր կասկածում "Միկայի" հաղթանակին, սակայն փորձեց դրան խոչընդոտել նոր լիցք ստացած, որակյալ ֆուտբոլիստներով և գրագետ մարզչով համալրված "Արարատը": "Արարատի" խոչընդոտումը տևեց ընդամենը 75 րոպե, երբ փոխարինման դուրս եկավ "Միկայի" հարձակվող Սեմյոն Մուրադյանը, և մեկ րոպե անց գլխի դիպուկ հարվածով բացեց հանդիպման հաշիվը: Մնացած ժամանակահատվածում այլևս գոլ չգրանցվեց և "Միկայի" ֆուտբոլիստները առավելության հասան մրցակցի նկատմամբ 1:0 հաշվով:
"Միկա"-"Արարատ"
Հայաստանի 21-րդ առաջնության 18-րդ տուրի հաջորդ հանդիպումները կկայանան օգոստոսի 11-ին և 12-ին: Օգոստոսի 11-ին` "Բանանցը" Երևանում կընդունի չեմպիոնության համար պայքարող գլխավոր ֆավորիտներից մեկին` Գյումրիի "Շիրակին", իսկ "Փյունիկն" էլ սեփական հարկի տակ կընդունի մրցարշարային աղյուսակի իր անմիջական "հարևան"` Կապանի "Գանձասարին": Օգոստոսի 12-ին` մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականում ընթացող "Իմպուլսը" Դիլիջանում կընդունի վերջին` 8-րդ հորիզոնականում ընթացող "Արարատին", իսկ գործող չեմպիոն "Ուլիսն" էլ, սեփական հարկի տակ կընդունի չեմպիոնության համար պայքարող` Երևանի "Միկային":
Այսպիսով` 17-րդ տուրից հետո, հավասար 38-ական միավորներ հավաքած "Շիրակն" ու "Միկան" շարունակում են ընթանալ առաջին 2 հորիզոնականներում, սակայն անձնական խաղերի արդյունքով և ավելի շատ գոլ խփած ու քիչ բաց թողած  Գյումրիի "Շիրակը" պահպանեց առաջին հորիզոնականը:
Լուսանկարները` armfootball.com կայքի:

Monday, July 30, 2012

Հայկական ֆուտբոլը այս անգամ էլ չունեցավ 3-րդ փուլի իր “Ծիծեռնակը”

Կայացան Եվրոպա լիգա խաղարկության 2-րդ փուլի` «Շիրակ» (Գյումրի, Հայաստան) - «Բնեյ Եհուդա» (Թել Ավիվ, Իսրայել) և «Գանձասար» (Կապան, Հայաստան) - «Սերվետ» (Ժնև, Շվեյցարիա)  պատասխան հանդիպումները: Ցավոք, մեր 2 մարզային թիմերն էլ, արդեն իսկ 2-րդ փուլում լքեցին մրցասպարեզը: Հիշեցնենք,  որ մեր 2 ակումբներն էլ առաջին հանդիպումներն անցկացրել էին մրցակցի հարկի տակ և երկուսն էլ պարտվել` միևնույն 0:2 հաշվով: Պատասխան հանդիպումներից առաջ հայ ֆուտբոլասերները քիչ թե շատ հավատում էին Գյումրիի «Շիրակի» հաջորդ փուլ դուրս գալու հեռանկարին, իսկ ահա «Գանձասարի» հաջորդ փուլ դուրս գալու հավանականությունը քիչ էր, քանի որ շվեյցարական ակումբը այս պահին ակնհայտ ուժեղ էր «Գանձասարից»: 
Պատասխան խաղերում էլ, մեր 2 ակումբներն էլ զիջեցին սեփական հարկի տակ: Գյումրիում` «Շիրակը» զիջեց «Բնեյ Եհուդային» 0:1 հաշվով: Հյուրերից միակ գոլը հեղինակեց Շալեմ Մենաշեն: Ի դեպ,  սա այն նույն ֆուտբոլիստն է, որը կարողացավ գոլ խփել «Ուլիսի» դարպասը 2010 թվականի Եվրոպա լիգա խաղարկության պատասխան խաղում, և դուրս թողեց հետագա պայքարից: Մենաշեի խփած գոլը, ինչու չէ, նաև «Շիրակին» դուրս թողեց հետագա պայքարից, և կարելի է ասել, որ այս ֆուտբոլիստը դարձել է հայկական ֆուտբոլային ակումբների «դահիճը»: Կապանի «Գանձասարն» էլ սեփական հարկի տակ ընդունեց շվեյցարական «Սերվետին» և զիջեց 1:3 հաշվով: Վազգեն Սարգսյանի անվան` «Հանրապետական» մարզադաշտում, հյուրերից հաշիվը բացեց բրազիլացի Դե Ասեվեդոն, այնուհետև` «Սերվետից» դուբլ ձևակերպեց Պոնտը: Հետաքրքիր է, որ հյուրերի կիսապաշտպանը 2 գոլն էլ խփեց դարպասապահ Արսեն Բեգլարյանի անդրադարձից հետո: Եվ երբ հաշիվն արդեն 0:3 էր հօգուտ հյուրերի, հանդիպման 91-րդ րոպեին կապանցիներից հաշիվը թրջեց փոխարինման դուրս եկած Հայրապետ Ավագյանը:   
Ցավալի է, երբ մեր 3 ակումբներն էլ 2-րդ փուլի ժամանակ զիջեցին իրենց մրցակիցներին բոլոր 6 հանդիպումներում:  2-րդ փուլերը հայկական ֆուտբոլին չբերեցին ոչ մի վարկանիշային միավոր: Տեղեկացնենք մեր ընթերցողներին, որ վարկանիշային միավորներով է որոշվում, թե որ թիմերն են միմյանց դեմ խաղալու եվրագավաթային հանդիպումներում: Վարկանիշն էլ հաշվարկվում է տվյալ երկրի ակումբների վերջին 5 տարվա եվրագավաթային ելույթներից: Վարկանիշն հաշվարկվում է հետևյալ կերպ` հաղթանակի դեպքում այդ երկրի վարկանիշին գումարվում է մեկ միավոր, իսկ ոչ-ոքու դեպքում` կես միավոր: Հիշեցնենք, որ հայկական թիմերից հաղթանակներ տոնեցին «Շիրակը»` Չեռնոգորիայի «Ռուդարի» նկատմամբ, 1:0 հաշվով մրցակցի հարկի տակ, «Գանձասարը»` Ֆարերյան կղզիների «Ստրեյմուրի» նկատմամբ, 2:0 հաշով սեփական հարկի տակ, և «Փյունիկը»` չեռնոգորական «Զետայի» նկատմամբ, 1:2 հաշվով մրցակցի հարկի տակ: Այսինքն` այս 3 ակումբները, հայկական ֆուտբոլին բերեցին 3 միավոր, և սրան գումարվեց Գյումրիի «Շիրակի» սեփական հարկի տակի ոչ-ոքին` 1:1 հաշվով` ընդհանուր առմամբ կազմելով 3.5 վարկանիշային միավոր: Իսկ այս 3.5-ն էլ բաժանվում է մասնակից թիմերի քանակի վրա: Եվ եթե հաշվի առնենք, որ հայկական թիմերի քանակն էլ 4 է, ապա ստացվում է 0.875 վարկանիշային միավոր: Սրան գումարվում է նաև նախկին 4 տարիների վարկանիշային միավորը: Ամենահետաքրքին այն է, որ հայկական ֆուտբոլի նախկին 4 տարիների վարկանիշն միասին վերցրած կազմում է նույն 0.875-ը: Եվ երկու 0.875-ների գումարը ստացվում է 1.75: Այս վարկանիշով, Հայաստանն իրենից հետ է թողնում միայն` Ֆարերյան կղզիներին, Անդորրային և Սան Մարինոյին: Եվ զարմանալի է նաև այն հանգամանքը, որ Հայաստանից առաջ են գտնվում այնպիսի գաճաճ պետություններ, ինպիսիք են` Լյուքսեմբուրգը, Մալթան, ինչպես նաև Լիխտենշտեյնը: Հայկական ֆուտբոլային ակումբներին 2013-14 թվականների մրցաշրջանում Եվրոպա լիգայում կարող են բաժին ընկնել ոչ շատ ուժեղ մրցակիցներ` ամենայն հավանականությամբ` չեռնոգորական, մոլդովական, վրացական, մակեդոնական կամ նույն մակարդակի այլ ակումբներ:    
Ինչևէ, մեր վերջին հույսերը` 2 մարզային ակումբները, զիջեցին իրենց մրցակիցներին և թողեցին պայքարը, արդեն իսկ 2-րդ փուլում:  Եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ «Ուլիսն» էլ Չեմպիոնների լիգայի 2-րդ փուլում զիջեց Մոլդովայի «Շերիֆին», ապա պետք է փաստել, որ այս անգամ էլ հայկական ֆուտբոլը  չունեցավ 3-րդ փուլի իր “ծիծեռնակը”:

Friday, July 20, 2012

Հայ-շվեյցարական 11-րդ դիմակայությունը նորից Շվեյցարիայի կողմն է

Ցավոք Կապանի "Գանձասարն" էլ պարտվեց Եվրոպա լիգա խաղարկության 2-րդ փուլում զիջելով մրցակցին 0:2 հաշվով: Միայն այն հանգամանքը, որ կապանցիներից լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել դարպասապահ Արսեն Բեգլարյանը, արդեն իսկ խոսուն փաստ է հանդիպման մասին: Իհարկե ուրախալի է, երբ 19-ամյա դարպասապահը աչքի է ընկնում հուսալի խաղով, սակայն ցավալի է, որ թիմը զիջել է 2:0 հաշվով ու լավագույնն խաղացողն էլ դարպասապահն է, սա նշանակում է, որ "Գանձասարն" ամբողջ խաղի ընթացքում գամված է եղել պաշտպանությունում: Անդրադառնալով հանդիպմանը միայն նշենք, որ մրցակցից գոլեր հեղինակեցին 48-րդ րոպեին թիմի լավագույն ռմբարկու 24 ամյա սերբական ծագումով շվեյցարացի հարձակվող` Գորան Կարանովիչը, որը ի դեպ հասցրել է հանդես գալ Շվեյացարիայի երիտասարդական հավաքականում անցկացնելով 2 խաղ: Հանդիպման 79-րդ րոպեին էլ աչքի ընկավ 19 ամյա շվեյցարացի հարձակվող Կեվին Գիսսին: Հատկանշական է, որ 2 գոլերն "Գանձասարի" դարպասում հայտնվել են գլխի հարվածից հետո: Հարկ է նշել նաև, որ Կեվին Գիսին "Սերվետ" ակումբում է հայտնվել 2012 թվականի ամռանը:
   
       Ինչպես նշեցինք` սա հայ-շվեյցարական 11-րդ դիմակայությունն էր: Ցավոք սրտի նախորդ 10 դեպքերն էլ հաղթական ելք չեն ունեցել հայկական ակումբների համար: Ավելին` նախորդ 10 դեպքերից, հայկական ակումբներին ընդամենը մեկ անգամ է բախտ վիճակվել ոչ ոքի ավարտել հանդիպումը: Այսպես անկախ Հայաստանի պատմության ընթացքում հայ շվեյցարական առաջին դիմակայությունը կայացավ 2003-04 թվականներին, երբ Երևանի "Սպարտակի" (Ի դեպ "Սպարտակ" ակումբը 2005 թվականից վերանվանվել է  "Բանանց"2)  մրցակիցը Ուեֆայի գավաթի (այս մրցաշարը վերանվանվել է Եվրոպա լիգա սկսած 2009-10 մրցաշրջանից) խաղարկությունում այժմյան "Գանձասարի" մրցակից "Սերվետ" ակումբն էր: Առաջին խաղն Երևանում ավարտվեց շվեյցարացիների հաղթանակով 0:2 հաշվով: Պատասխան Խաղում էլ հաղթանակը "Սերվետի" կողմն էր, որն էլ հաղթանակի հասավ 3:0 հաշվով: Այսինքն` առաջին դիմակայությունում հայկական ակումբը 2 խաղերի արդյունքում զիջեց խոշոր 5:0 հաշվով: Դրանից հետո հերթը Երևանի "Արարատինն" էր, որը Ինտերտոտոյի ( ի դեպ Ինտերտոտոյի գավաթի խաղարկությունը 2008 թվականից այլևս չի գործում) գավաթի  խաղարկությունում փորձեց դիմակայել Շվեյցարիան ներկայացնող "Քսամաքս" ակումբին: Առաջին խաղը, որը կայացավ Երևանում Արարատը զիջեց 1:3 հաշվով մեկ շաբաթ անց էլ մրցակցի հարկի տակ "Արարատը" զիջեց խոշոր 6:0 հաշվով (այս հաշիվը դեռևս ամենախոշոր հաշվով պարտությունն է հայ-շվեյցարական ակումբների դիմակայությունում): "Քսամաքսից" հետո 2006-07 և 2007-08 թվականների Ուեֆայի գավաթի խաղարկությունում հայկական ակումբների մրցակիցը Բեռնի "Յանգ Բոյզ" ակումբն էր: Առաջինը "Յանգ Բոյզի" հետ փորձեց պայքարել Երևանի "Միկան": Երևանում կայացած խաղում "Միկան" զիջեց 1:3 հաշվով, իսկ պատասխան խաղում էլ "Յանգ Բոյզը" բավարարվեց նվազագույն հաշվով հաղթանակով: Իսկ ահա 2007-08 մրցաշրջանում էլ, հերթը "Բանանցինն" էր, առաջին խաղն նորից կայացավ Երևանում և արձանագրվեց ոչ ոքի 1:1 հաշիվը, որը ինչպես վերը նշեցինք` մինչ այժմ միակ ոչ ոքի արդյունքն է: Սակայն ամեն ինչ բարեհաջող չդասավորվեց "Բանանցի" համար պատասխան խաղում, և Բեռնը ներկայացնող ակումբը հասավ հաղթանակի, 4:0 հաշվով ջախջախելով "Բանանցին" և 2 դիմակայության արդյունքում "Յանգ Բոյզը" "Բանանցի" նկատմամբ հաղթանակի հասավ 5:1 հաշվով: Հաջորդ դիմակայության հերթը նորից "Արարատինն" էր, որի մրցակիցը "Բելինցոնան" էր Ուեֆայի գավաթի խաղարկության առաջին փուլում: Այս անգամ առաջին խաղն կայացավ "Բելինցոնայի" հարկի տակ և շվեյցարացիները հաղթանակի հասան 3:1 հաշվով, իսկ պատասխան խաղում էլ նորից առավելությունը շվեյցարացիների կողմն էր, և Երևանում կայացած խաղում "Բելինցոնան" հաղթեց նվազագույն` 1:0 հաշվով:  Իսկ ահա վերջին 11-րդ հայ-շվեյցարական դիմակայությունում էլ Կապանի "Գանձասարը" Ժնևի "Ստադ դե Ժնև" մարզադաշտում Սերվետին զիջեց 0:2 հաշվով: Այսպիսով` 11 հայ-շվեյցարական դիմակայությունների արդյունքում 1 խաղ ավարտվել է ոչ ոքի և 10-ն անգամ առավելությունը եղել է շվեյցարացիների կողմը: Իսկ գնդակների հարաբերությունն էլ բնականաբար հուսադրող չէ հայերը խփել են ընդամենը 4 գնդակ, փոխարենը բաց են թողել 29 գնդակ: Հուսանք, որ  հուլիսի 26-ին կայանալիք հայ-շվեյցարական 12-րդ դիմակայությունում,  Երևանի Վազգեն Սարգսյանի անվան "Հանրապետական" մարզադաշտում Կապանի "Գանձասարը" վերջ կդնի այս տխուր ավանդույթին և հայկական ակումբներն էլ կճաշակեն հաղթանակի բերկրանքը շվեյցարական ակումբների հետ պայքարում:

Thursday, July 19, 2012

Մեր թիմերի մրցակիցները Եվրոպա լիգայում. Մաս-2` "Սերվետ"

Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլում Կապանի "Գանձասարին" բաժին է ընկել բավականին հայտնի մրցակից` Շվեյցարիան ներկայացնող "Սերվետ" ակումբը: "Սերվետը" ունի հարուստ ֆուտբոլային պատմություն: Թիմը ստեղծվել է 1890թ., երբ ֆուտբոլը նոր էր սկսել տարածվել եվրոպական մայրցամաքում: Ժնև քաղաքը ներկայացնող թիմը եղել է Եվրոպայում կազմակերպված առաջին ֆուտբոլային մրցաշարերից մեկի` Torneo Internazionale Stampa Sportiva /Սպորտային լրատվության միջազգային մրցաշար/ հաղթողը` 1908-ին: 1930-ին "Սերվետը" նախաձեռնել է Ազգերի գավաթը, որը հանդիսացել է այժմյան Չեմպիոնների լիգայի նախատիպը: Շվեյցարական թիմի ոսկե մրցաշրջանը 1978-79-նն էր, երբ թիմը հաղթել է իր մասնակցած բոլոր մրցաշարերում` բացառությամբ Գավաթակիրների գավաթի: 
Թիմը 17 անգամ նվաճել է Շվեյցարիայի չեմպիոնի կոչումը, վերջին անգամ` 1998-99 մրցաշրջանում: 12 անգամ "Սերվետը" եղել է երկրորդը, 7 անգամ երրորդը: Թիմը բավականին հաջող է հանդես եկել նաև Շվեյցարիայի գավաթի խաղարկությանը` 19 մասնակցած եզրափակիչներից 7-ում հաղթելով և նվաճելով տիտղոսը:
Չնայած այսպիսի փառավոր անցյալին` թիմի վերջին տարիների պատմությունը աղմկոտ է և տխուր: 2005-ին թիմը կուտակած 10 մլն շվեյցարական ֆրանկ պարտքի ծանրությանը չդիմացավ և սնանկ հայտարարվեց: "Սերվետը" 6 տարի անցկացրեց շվեյցարական երրորդ և երկրորդ դիվիզիոններում և միայն 2011-12 մրցաշրջանից կարողացավ վերադառնալ շվեյցարական Սուպեր լիգա: Ներգրավելով մի քանի նոր խաղացողների և բավականին հայտնի սպորտային տնօրենի` ի դեմս պորտուգալացի նախկին ֆուտբոլիստ Կոշտինյայի` վերադարձի հենց առաջին տարում "Սերվետը" գրավեց չորրորդ տեղը Սուպեր լիգայում և իրավունք ստացավ մասնակցելու Եվրոպա լիգայի խաղարկությանը:

"Սերվետ" ակումբը հայ ֆուտբոլասերներին ծանոթ է նաև այն պատճառով, որ 2003-04 մրցաշրջանում այնտեղ է հանդես եկել Հայաստանի հավաքականի պաշտպան Հարություն Վարդանյանը: Գյումրեցին այնտեղ անցկացրել է 28 խաղ, սակայն մյուս մրցաշրջանում լքել է ակումբը:
Եվրագավաթներում խաղալու փորձի առումով նույնպես "Սերվետը" թվացյալ առավելություն ունի, քանի որ թիմը 28 անգամ մասնակցել է եվրոպական տարբեր ակումբային մրցաշարերի: Սակայն եթե նկատի ունենանք, որ շվեյցարական թիմը վերջին անգամ եվրագավաթների մասնակցել է 2004 թվականին, կարելի է ասել, որ մեր ներկայիս թիմը առավել փորձառու է:
2004-ին "Սերվետը" Ուեֆայի գավաթի որակավորման երկրորդ փուլում զիջել է Հունգարիան ներկայացնող "Ույպեստ" ակումբին` տանը 0:2 և մրցակցի դաշտում 1:3 հաշիվներով: Դրանից առաջ, 2002-ին, "Սերվետը" Ուեֆայի գավաթի որակավորման առաջին փուլում երկու խաղերի արդյունքում ընդհանուր 5:0 (3:0, 0:2) հաշվով ջախջախել է Հայաստանը ներկայացնող "Սպարտակ" ակումբին: Հաջորդ փուլում արդեն "Սերվետը" երկու խաղերի արդյունքում տանն ընդունած մեկ ավել գնդակի պատճառով զիջել է հետագա պայքարը լեհական "Ամիկային": Իսկ եվրալիգաների ամենահաջող փորձը 2001-02թթ. Ուեֆայի գավաթի խաղարկությունում էր, որտեղ "Սերվետը" ընթացքում հաղթահարելով չեխական "Սլավիայի", իսպանական "Սարագոսայի", գերմանական "Հերտայի" արգելքները, հասել է մինչև 1/16 եզրափակիչ, որտեղ միայն զիջել է իսպանական "Վալենսիային": Սրանք են եվրագավաթներում "Սերվետի" վերջին փորձերը, որոնք արժանի են հիշատակման: Ամեն դեպքում այս տարիների ընթացքում թիմում փոխվել է գրեթե ամեն ինչ, և եվրագավաթներին մասնակցության վերոհիշյալ փորձը չի կարելի համարել առաջիկա հանդիպման վրա ազդող կարևոր գործոն:
"Սերվետի" պաշտպան Քրիստոֆեր Ռուտիսը
Կազմը:
"Սերվետի" կազմը առանձնապես  հնչեղ անուններ չունի: Ֆուտբոլիստների մեծ մասը շվեյցարացիներ են, լեգեոներները հինգն են: Դարպասապահը 25-ամյա իսպանական ծագումով շվեյցարացի Դավիդ Գոնսալեսն է, ով միջազգային ասպարեզում հանդիպումների փորձ չունի: Շվեյցարացիների պաշտպանությունում հիմնականում երիտասարդ ֆուտբոլիստներ են` Քրիտոֆեր Ռուտիս, Վինսենտ Ռեուլֆի, Ֆրանսուա Մուբանջե, Իսագա Դիալլո, Պատրիկ Բաուման և այլոք: Իհարկե այս անունները ֆուտբոլասերներին անծանոթ են, նշենք միայն, որ վերոհիշյալ պաշտպաններից միայն Վինսենտ Ռեուլֆին է երկու անգամ հրավիրվել Շվեյցարիայի ազգային հավաքական, այն էլ` ընկերական խաղերին: Կիսապաշտպանությունում շվեյցարական թիմի առաջատարը բրազիլացի հարձակողական ոճի կիսապաշտպան Անտոնիո Մարկոս դե Ազեվեդոն է: Վերջինս նախորդ մրցաշրջանում դարձել է 7 գոլի հեղինակ` միաժամանակ հանդիսանալով գրոհների հիմնական կազմակերպիչը` 6 գոլային փոխանցումներով: Մյուս կիսապաշտպանների թվում արժե նշել կոտ դ'իվուարցի Լեգլե Խավիեր Կուասսիին, Լիոնել Պիզինատին, Տիբեր Պոնտին: Հարձակման գծում "Սերվետի" առաջատարն է սերբական ծագում ունեցող Գորան Կարանովիչը, ով նախորդ մրցաշրջանում խփել է 8 գնդակ: Մյուս հարձակվողներն են Տերի Մուտինյոն, Ջուլիան Էստեբանը և պորտուգալացի երիտասարդ ֆուտբոլիստ Դանիել Սոարեսը: Շվեյցարացիների ամենաթանկ տրանսֆերային արժեք ունեցող ֆուտբոլիստը կիսապաշտպան Լեգլե Խավիեր Կուասսին է, ում տրանսֆերը գնահատվում է 1.250.000 եվրո: Իսկ թիմի ընդհանուր տրանսֆերային արժեքն է 9.8 մլն եվրո:
Ինչպես տեսնում ենք, "Սերվետը" առանձնապես փորձառու և ուժեղ ֆուտբոլիստներով աչքի չի ընկնում: Հաշվի առնելով նաև շվեյցարական թիմի նոր վերադարձը եվրոպական մրցասպարեզ, կարելի է ասել, որ "Գանձասարը" մրցակցի ընտրությունից բողոքելու փաստարկներ առանձնապես չունի:
Գորան Կարանովիչը խաղընկերների հետ տոնում է իր հերթական գոլը
Մարզիչը` Ժոաո Ալվես
Պորտուգալացի մարզիչը "Սերվետի" ղեկը ստանձնել է մոտ մեկ տարի առաջ, սակայն ընթացքում մի քանի ամիս մարզչական աշխատանքը վստահված է եղել մեկ այլ պորտուգալացու` Ժոաո Պերեյրային: Ժոաո Ալվեսի որոք թիմն անցկացրել է 21 խաղ, որից հաղթել է 10-ում, 4-ն ավարտել է ոչ-ոքի, և 7-ում էլ պարտություն է կրել: Ժոաո Ալվեսը 60-ամյա պորտուգալացի մասնագետ է, ով նախկինում մարզել է պորտուգալական մի շարք ակումբներ` այդ թվում` "Բոավիշտան", "Գիմարաեշը", "Ակադեմիկա դե Կոիմբրան" և իսպանական "Սալամանկան", որին կարողացել է Սեկունդայից վերադարձնել Լա Լիգա: Առավել աչքի ընկնող արդյունքներ Ալվեսը գրանցել է որպես ֆուտբոլիստ, "Բենֆիկայի" և "Բոավիշտայի" հետ երկուական անգամ նվաճել է Պորտուգալիայի գավաթը և երկու անգամ էլ Պորտուգալիայի չեմպիոն է դարձել "Բենֆիկայի" կազմում: Պորտուգալացին մասնակցել է հավաքականի 36 խաղերի և խփել 3 գնդակ:

"Սերվետի" մարզիչ Ժոաո Ալվեսը
Մարզադաշտը` "Ստադ դե Ժնև"
Վերադառնալով շվեյցարական բարձրագույն լիգա` 2011-ից "Սերվետը" սկսեց իր հանդիպումներն անցկացնել "Ստադ դե Ժնև" մարզադաշտում, որը Եվրո-2008-ն ընդունած մարզադաշտերից մեկն է և տեղավորում է ավելի քան 30,000 երկրպագու:
"Ստադ դե Ժնև"
Ամփոփելով` պետք է նշել, որ Կապանի "Գանձասարը" կարող է արժանի պայքարել այս մրցակցի դեմ և նույնիսկ հաջորդ փուլ անցնել: Այստեղ կապանցիները ավելի շուտ պետք է լուծեն ներքին խնդիրները, քան թե մտածեն մրցակցին դիմակայելու մասին: Այսօրվա հանդիպումը կարող է մի շարք հարցերում պարզություն մտցնել, սակայն հուսանք, առավել որոշիչ կլինի Հայաստանում կայանալիք պատասխան խաղը: 

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Web Hosting Coupons