Showing posts with label Արթուր Սարկիսով. Show all posts
Showing posts with label Արթուր Սարկիսով. Show all posts

Friday, September 7, 2012

Սկզբի համար ամեն ինչ հիանալի է դասավորվում հայերի համար

Տրվեց` Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնության ՈՒԵՖԱ-ի գոտու նախընտրական փուլի մեկնարկը: Հավաքականները ներգրավեցին ուղեգրերի համար պայքարին, որոնց թվում էր նաև Հայաստանի հավաքականը: Հայաստանը մեկնարկային տուրում մրցեց խմբի հետնապահ համարվող Մալթայի հավաքականի հետ: Սակայն մինչ բուն խաղին անցնելը մի փոքր ծանոթանանք Մալթայի ազգային հավաքականի հետ: Մալթայի ազգային հավաքականը համարվում է Եվրոպայի ամենաթույլ հավաքականներից մեկը, սակայն իտալացի մասնագետ Պեդրո Գեդինի` թիմի ղեկն ստանձնելուց հետո Մալթան կարծես կերպարանափոխվել է: Պատահական չէ այն հանգամանքը, որ Մալթայի ազգային հավաքականը մինչև Հայաստանի հավաքականին հանդիպելը չէր պարտվել իր անցկացրած վերջին 3 հանդիպումներում, չնայած այդ հանդիպումները եղել են ընկերական հանդիպումներ: Սակայն ընկերական հանդիպում լինելու հանգամանքն էլ չի նսեմացնում մալթացիների հաղթանակները: Մալթայի ազգային հավաքականը նախ` 2012 թվականի փետրվարի 29-ին 3:2 հաշվով հաղթել է Լիխտենշտեյնի ազգային հավաքականին, այնուհետև` նույն թվականի հունիսի 2-ին` 2:0 հաշվով մրցակցի հարկի տակ հաղթել է  Լյուքսեմբուրգի ընտրանուն, իսկ վերջին` 3-րդ խաղում էլ, մալթացիները նորից մրցակցի հարկի տակ 2:3 հաշվով հաղթել են Սան Մարինոյի ազգային հավաքականին: Թիմի ակնհայտ առաջատարն է Մայքլ Միֆսուդը, որը նաև կրում է հավաքականի ավագի թևկապը: Միֆսուդը Մալթայի ընտրանու կազմում խաղադաշտ է դուրս եկել 90 անգամ և դարձել է 36 գոլի հեղինակ: Նաև ավելացնենք, որ Միֆսուդը հանդես գալով անգլիական "Քովենթրի" և "Բարնսլի" ակումբներում վերադարձել է Մալթա և այժմ հանդես է գալիս իր երկրի ուժեղագույն` "Վալետա" ակումբում: Նշենք նաև, որ Մալթայի հավաքականի գլխավոր մարզիչ իտալացի մասնագետ Գեդինը`  1996-2005 թվականներին եղել է "Սկուադրա Աձուրայի" գլխավոր մարզչի օգնական, իսկ 2005-2012 թվականներին  էլ,  մինչ Մալթայի ազգային հավաքկանի ղեկն ստանձնելը, գլխավորել է Իտալիայի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականը: Այսպիսով` անդրադառնանք Մալթայում կայացած հանդիպմանը:

Մալթայի "Տա-քաի" մարզադաշտում մրցավար էիզների սուլիչով մեկնարկեց Մալթա-Հայաստան նախընտրական փուլի խմբային առաջին հանդիպումը: Բնականաբար հաջող սկիզբը շատ կարևոր էր 2 հավաքականների համար: Հայաստանի ազգային հավաքականը համարվում էր խաղի ակնհայտ ֆավորիտը, սակայն Մալթայի հավաքականի ֆուտբոլիստներն էլ բավականին վստահություն էին ձեռք բերել վերջին հանդիպումներում չպարտվելով և Գեդինի գլխավորությամբ իսկապես գրագետ "իտալական" ֆուտբոլ են ցույց տալիս: 2 թիմերի մեկնարկային կազմերն ու դասավորություններն արդեն տեսնելիս կարելի էր ենթադրել, որ Հայաստանի հավաքականը խաղալու էլ հարձակվողական ֆուտբոլ, իսկ Մալթայի ազգային հավաքականը գործելու էր խոր պաշտպանությունից և հնարավորության դեպքում էլ օգտագործելու էր առաջ քաշված հարձակվող Մայքլ Միֆսուդի բարձր պրոֆեսիոնալիզմը: Հենց խաղի սկզբից Հայաստանը սկսեց տիրել գնդակին և հետզհետե ձեռք բերեց խաղային և տարածքային առավելություն: Առաջին լուրջ վտանգավոր գրոհը մեր ընտրանին կազմակերպեց հանդիպման 6-րդ րոպեին, բայց Մովսիսյանի հարվածը թույլ ստացվեց և տանտերերի դարպասապահ Հոգը տիրեց գնդակին: 15-րդ րոպեին էլ հեռվից շատ վտանգավոր հարված կատարեց Մարկոսը, սակայն մի փոքր բարձր ստացվեց: Մրցակիցը միայն 24-րդ րոպեին կարողացավ հայ ֆուտբոլասերներին անհանգստություն պատճառել, երբ Միֆսուդը փորձում էր շրջանցել Հրայր Մկոյանին, սակայն վերջինս գրագետ խաղաց և տիրեց գնդակին: Սա լուրջ ահազանգ էր մեր ֆուտբոլիստների համար, որոնք հանդիպման 29-րդ րոպեին լուրջ գրոհի արդյունքում հարվածի դուրս բերեցին Մարկոսին, որի հարվածից հետո գնդակը դիպչեց դարպասաձողի վերին հատվածին և թվում էր, թե հայտնվել է դարպասում, բայց մրցավարը դարպասի գրավում չարձանագրեց: Եվս 2 անարդյունք վտանգավոր գրոհ կազմկերպեցին հայերը 34-րդ և 38-րդ րոպեներին: Իսկ ահա 40-րդ րոպեին տանտերերի հարձակվող Միֆսուդը ընկավ Հայաստանի հավաքականի տուգանային հրապարակում և պահանջում էր 11 մետրանոց, սակայն բարեբախտաբար մրցավարը ճիշտ կողմնորոշվեց և 11 մետրանոց չարձանագրեց: Առաջին խաղակեսում այլևս լուրջ իրադարձություններ չեղան, և թիմերը գնացին ընդմիջման 0:0 հաշվի պարագայում:

2-րդ խաղակեսի մեկնարկում ևս հայերը փորձեցին վտանգավոր գրոհներ կազմակերպել և 48-րդ րոպեին Հենոն հեռվից թնդանոթային հարված կատարեց, սակայն գնդակը դիպչեց մրցակցի պաշտպանին և հայերը վաստակեցին անկյունային հարվածի իրավունք: 52-րդ րոպեին տեսնելով, որ ինչ որ բան չի ստացվում իր սաների մոտ Վարդան Մինասյանը Արտակ Եդիգարյանի փոխարեն խաղադաշտ դուրս բերեց Դավիթ Մանոյանին: Այս փոփոխությունը քիչ թե շատ կարգավորեց Հայաստանի ազգային հավաքականի միջին գծի խաղը: 56-րդ րոպեին Յուրա Մովսիսյանը հայտնվեց նպաստավոր դիրքում և թույլ հարված կատարեց, ի պատասխան Յուրայի հարվածի Միֆսուդը 59-րդ շատ վտանգավոր դիրքում հայտնվեց, միայն Սարգիս Հովսեփյանը իր փորձի շնորհիվ կարողացավ Միֆսուդի ոտքերի տակից գնդակը հեռացնել: Հայաստանը իսկապես շատ անշուք ֆուտբոլ էր խաղում և զարմանալիորն բավականին մեծ էր փոխանցումների խոտանը: Վարդան Մինասյանը դիմեց 2-րդ փոփոխության օգնությանը, քանի որ տեսնում էր առջևի գծում հայ ֆուտբոլիստները իսկապես "կաղում" էին: Այդ պատճառով հանդիպման 64-րդ րոպեին խաղադաշտ դուրս եկավ Արթուր Սարկիսովը, որը փոխարինեց 2-րդ խաղակեսում գրեթե ոչնչով աչքի չընկնող Մարկոս Պիցելիին: Սարկիսովի խաղադաշտ դուրս գալը իսկապես բեկում մտցրեց Հայաստանի հավաքականի խաղի մեջ, և ահա 69-րդ րոպեին օգտվելով Յուրա Մովսիսյանի փոխանցումից հենց Սարկիսովը առաջ մղեց Հայաստանի ազգային ընտրանուն: 73-րդ րոպեին հյուրերը վտանգավոր գրոհ կազմակերպեցին, սակայն հայ պաշտպանները նորից շատ լավ գործեցին և չեզոքացրին մալթացիների վտանգավոր գրոհը: 79-րդ րոպեին խաղային պրակտիկայի պակասը հոգնեցրեց Ռոբերտ Արզումանյանի մկանները, և Մինասյանը Արզումանյանի փոխարեն խաղադաշտ դուրս բերեց Վալերի Ալեքսանյանին: Հանդիպման 85-րդ և 87-րդ րոպեներին Մխիթարյանը 2 անգամ կարող էր կրկնապատկել հանդիպման հաշիվը, սակայն 2 դեպքում էլ հիանալի գործեց Մալթայի հավաքականի և Կիպրոսը ներկայացնող "Էնոսիս" ակումբի 27 ամյա դարպասապահ Հոգը: Սկսած 88-րդ րոպեից տանտերերը ամբողջ կազմով տեղափոխվեցն Հայաստանի հավաքականի կիսադաշտ փորձելով վերականգնել հանդիպման հաշվի հավասարակաշեռությունը, սակայն, բարեբախտաբար մալթացիների մոտ ոչինչ չստացվեց և Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց նվազագույն` 0:1 հաշվով:

Ամփոփելով Մալթա-Հայաստան ազգային հավաքականների հանդիպումը նշենք, որ հայերը խաղացին իրենց ուժերից բավականին ցածր ֆուտբոլ և իրենց խաղով հաճույք չպատճառեցին հայ ֆուտբոլասերներին, սակայն կարևորը հաղթանակն էր և մեր ընտրանին հաղթեց: Իսկ տանտերերի կազմում կարծում ենք` լավագույնը դարպասապահ` Էնդրյու Հոգն էր, հետո նոր `Մայքլ Միֆսուդը, իսկ պաշտպանության կենտրոնում շատ լավ խաղ էր ցուցադրում Ալեքս Մուսքատը: Հայերի կազմում շատ լավ խաղացին, դարպասում` Կասպարովը, պաշտպանության կենտրոնում` Հրայր Մկոյանը, ինչպես նաև շատ ակտիվ էին` Մխիթարյանը, Մովսիսյանը և Օզբիլիսը: Դե իսկ Սարկիսովն էլ կարծում ենք` ամբողջ խաղի լավագույն ֆուտբոլիստն է, քանի որ փոխարինման դուրս գալով բեկում մտցրեց Հայաստանի հավաքականի խաղի մեջ և խփեց միակ, բայց հաղթական գնդակը: Ինչևէ Հայաստանի ազգային հավաքականը սկսեց ընտրական փուլը հաղթանակով, եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ Իտալիայի ազգային հավաքականը Բուլղարիայում չկարողացավ հաղթանակի հասնել տանտերերի նկատմամբ (հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով), ապա կարելի է ասել, որ սկզբի համար ամեն ինչ հիանալի է դասավորվում հայերի համար:

Monday, August 13, 2012

Յուրա Մովսիսյանը հավասարվեց լավագույն ռմբարկու Ալեքսանդր Կերժակովին

Կայացան Ռուսաստանի պրեմիեր լիգայի 4-րդ տուրի հանդիպումները: Տուրը մեկնարկեց Կրասնոդարյան դերբիով, որտեղ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ`  Մարկոս Պիցելիի, Արազ Օզբիլիսի և Դավիթ Մանոյանի  "Կուբանը" ընդունել էր մյուս կրասնոդարյան ակումբին` Յուրա Մովսիսյանի "Կրասնոդարին": Հանդիպումն անցավ լարված պայքարում և գրանցվեց 3 գոլ: Հանդիպման 38-րդ րոպեին "Կրասնոդարի" ավագ, վրացի պաշտպան` Ալեքսանդր Ամիսուլաշվիլին գնդակը ուղարկեց սեփական դարպասը և բացեց հանդիպման հաշիվը: Առաջին խաղակեսում այլևս գոլեր չգրանցվեցին և թիմերը գնացին ընդմիջման  "Կուբանի" հաղթանակով` 1:0 հաշվով: 2-րդ խաղակեսում կրքերն էլ ավելի թեժացան, ծավալվեց անզիջում պայքար մինչև հանդիպման 81-րդ րոպեն, երբ "Կուբանի" կազմում փոխարինման դուրս եկած կոստառիկացի հարձակվող Մարկո Ուրենայի փոխանցումից հետո հանդիման հաշիվը կրկնապատկեց 23-ամյա ռուս կիսապաշտպան` Անդրեյ Իոնովը: Այդ գոլից ընդամենը 5 րոպե անց` 86-րդ րոպեին, Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը կրճատեց հանդիպման հաշիվը և նորից վերականգնեց խաղի ինտրիգը: Հանդիպման հաշիվը այլևս չփոխվեց և կրասնոդարյան դերբիում հաղթանակ տոնեց "Կուբանը" 2:1 հաշվով: "Կուբանի" հիմնական կազմում խաղադաշտ դուրս եկավ, և խաղն առանց փոխարինման անցկացրեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան` Մարկոս Պիցելին, իսկ Կուբանի հետ նոր պայմանագիր կնքած 2 Հայաստանի հավաքականի  կիսապաշտպաններ` Արազ Օզբիլիսն ու Դավիթ Մանոյանը բացակայում էին "Կուբանի" հայտացուցակից: "Կրասնոդարի" կազմում էլ ամբողջ խաղն անցկացրեց առանց փոխարինման, իր թիմի միակ գոլն հեղինակած` Յուրա Մովսիսյանը:

"Կուբանը" հաջորդ հանդիպումը կանցկացնի օգոստոսի 20-ին և Վլադիկավկազում կմրցի "Ալանիայի" հետ, իսկ "Կրասնոդարը" օգոստոսի 18-ին Կրասնոդարում կհյուրնկալի Դոնի- Ռոստովի "Ռոստով" թիմին: Ռուսաստանի պրեմիեր լիգայի 4-րդ տուրից 3 հանդիպում կայացան օգոստոսի 11-ին: Առաջինը կայացավ տուրի գլխավոր կենտրոնական հանդիպումը` "Զենիթը" Սանկտ-պետերբուրգում հյուրնկալել էր Մոսկվայի "Սպարտակին": Այսինքն` խաղադաշտ էին դուրս եկել 2 առաջատարները, որոնք 3 տուրերից հետո վաստակել էին 9-ական միավոր: "Զենիթը", անգամ իր առաջատար Ալեքսանդր Կերժակովի բացակայությամբ, քարը քարի վրա չթողեց "Սպարտակին": Մոսկովյան ակումբը ստիպված եղավ 5 անգամ գնդակը հանել սեփական դարպասից: Հանդիպման 15-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Ալեքսանդր Կերժակովին փոխարինած հարձակվող` Մաքսիմ Կանունիկովը: Առաջին խաղակեսում այլևս գոլ չգրանցվեց, փոխարենը 2-րդ խաղակեսում գրանցվեց միանգամից 4 գոլ: Նախ 52-րդ րոպեին խաղի հաշիվը կրկնապատկեց Մոսկվայի "Սպարտակի" նախկին կիսապաշտպան` Վլադիմիր Բիստրովը: Այնուհետև` 61-րդ րոպեին, հանդիպման հաշիվը եռապատկեց Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան` Ռոման Շիրոկովը: Հանդիպման 67-րդ րոպեին տանտերերից աչքի ընկավ Վիկտոր Ֆայզուլինը և 4-րդ գնդակն ուղարկեց "Սպարտակի" դարպասը: "Սպարտակի" ջախջախման վերջակետն էլ դրվեց հանդիպման 88-րդ րոպեին, երբ Ռոման Շիրոկովը ձևակերպեց դուբլ, և 5-րդ գնդակն ուղարկեց հյուրերի դարպասը: 5:0 հաշվով հաղթեց "Զենիթը" և սկսեց միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: Օգոստոսի 11-ի նախավերջին հանդիպումը կայացավ Մոսկվայում, որտեղ "Լոկոմոտիվը" սեփական հարկի տակ ընդունել էր Վլադիկավկազի "Ալանիային": Թվում էր, թե Սլավեն Բիլիչի սաները հեշտ հաղթանակ կտոնեն, սակայն հյուրերը արժանի դիմադրություն ցույց տվեցին և հանդիպումն ավարտվեց մարտական ոչ ոքիով` 2:2 հաշվով: Իսկ օգոստոսի 11-ի վերջին հանդիպումն էլ կայացավ Գրոզնիում, որտեղ տեղի "Թերեքը" սեփական հարկի տակ ընդունել էր Արթուր Սարկիսովի Նիժնի Նովգորոդի "Վոլգային": Իգոր Լեբեդենկոյի դուբլի շնորհիվ 2:0 հաշվով հաղթանակ տոնեցին տանտերերը: Արթուր Սարկիսովը բացակայում էր "Վոլգայի" հայտացուցակից: Եվ ինչքան էլ որ ցավալի է, Արթուր Սարկիսովը դեռևս ոչ մի հանդիպում չի անցկացրել "Վոլգայի" կազմում: "Վոլգան" հաջորդ հանդիպումը կանցկացնի օգոստոսի 18-ին` Նիժնի Նովգորոդում կընդունի Մոսկվայի "Լոկոմոտիվին": Ռուսաստանի պրեմիեր լիգայի 4-րդ տուրի վերջին 4 հանդիպումները կայացան օգոստոսի 12-ին: Նախ` խաղադաշտ դուրս եկան մրցաշարային աղյուսակի ստորին հատվածում գտնվող հարևաններ` Պերմի "Ամկարը" և Սարանսկի "Մորդովիան": Հանդիպման հաշիվը չբացվեց, և ավարտվեց գոլազուրկ ոչ ոքիով` 0:0 հաշվով: Հաջորդը` Մոկվայում խաղադաշտ դուրս եկան "ԲԿՄԱ-ն" և Մախաչկալայի "Անժին": Հանդիպումն ավարտվեց բանակայինների հաղթանակով` 1:0 հաշվով: Հանդիպման միակ գնդակը խփեց Սերբիայի ազգային հավաքականի կիսապաշտպան` Զորան Տոշիչը, հանդիպման 74-րդ րոպեին: 4-րդ տուրի նախավերջին հանդիպումը կայացավ Կազանում, որտեղ "Ռուբինը" սեփական հարկի տակ ընդունել էր Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ` Ռոման Բերեզովսկու Մոսկվայի "Դինամոյին": Ռոման Բերեզովսկուն հաջողվեց դարպասն անառիկ պահել ընդամենը 78 րոպե: Հանդիպման 78-րդ րոպեին տանտերերից խաղի հաշիվը բացեց Իսրայելի հավաքականի կիսապաշտպան Բիբրաս Նատխոն: Իսկ մրցավարի կողմից հիմնական ժամանակին ավելացված 2-րդ րոպեին էլ, տանտերերից հաշիվը կրկնապատկեց, և Ռոման Բերեզովսկու դարպասն 2-րդ գնդակն ուղարկեց Ռոման Երեմենկոն: Ռոման Բերեզովսկին անցկացրեց ամբողջ հանդիպումն առանց փոխարինման: Սա Բերեզովսկու 2-րդ անընդմեջ հանդիպումն էր դինամոյականների հիմնական կազմում: Մինչ այս հանդիպումը Բերեզովսկին նաև պաշտպանել էր "Դինամոյի" դարպասը, Եվրոպա Լիգա խաղարկության 3-րդ փուլի` շոտլանդական "Դանդի Յունայթեդի" հետ պատասխան խաղում: "Դինամոն" հաջորդ հանդիպումը կանցկացնի սեփական հարկի տակ` Մոսկվայում, որտեղ կընդունի Գրոզնիի "Թերեքին": Իսկ 4-րդ տուրի վերջին հանդիպումն էլ կայացավ Դոնի Ռոստովում, որտեղ "Ռոստովը" տանտիրոջ կարգավիճակով հյուրնկալել էր Սամարայի "Կռիյլա Սովետովին": Հանդիպումն ավարտվեց 1:2 հաշվով սամարացիների հաղթանակով:
Այսպիսով` 4 տուրից հետո վաստակած 12 միավորով մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է Սանկտ Պետերբուրգի "Զենիթը": "Զենիթին" հաջորդում, և 2-րդ հորիզոնականն է զբաղեցնում Կազանի "Ռուբինը" վաստակած 9 միավորով, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Մոսկվայի "Սպարտակը" նորից վաստակած 9 միավորներով: Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Մարկոս Պիցելիի, Արազ Օզբիլիսի և Դավիթ Մանոյանի Կրասնոդարի "Կուբանը" վաստակած 6 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականը: Յուրա Մովսիսյանի "Կրասնոդարն" էլ, վաստակած 6 միավորով տեղ է գտել 10-րդ հորիզոնականում: Արթուր Սարկիսովի Նիժնի Նովգորոդի "Վոլգան" վաստակելով 3 միավոր հանգրվան է գտել 14-րդ հորիզոնականում: Դե իսկ Ռոման Բերեզովսկու Մոսկվայի "Դինամոն" էլ, ոչ մի միավոր չվաստակելով եզրափակում է Ռուսաստանի պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը: Ի դեպ վերոնշյալ բոլոր ֆուտբոլիստներն էլ, հրավիրվել են Հայաստանի ազգային հավաքական:  Իր հերթական 4-րդ գնդակը խփելով, Հասյաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը հավասարվեց  լավագույն ռմբարկու Ալեքսանդր Կերժակովին:         

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Web Hosting Coupons